Լրահոս 24/7

Մեռյալներին դատակոչել հնարավոր չէ, իսկ ապրողների՞ն

Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝ ակնհայտորեն հետապնդելով Հայաստանում նախկին նախագահների, մյուս պաշտոնյաների նկատմամբ հանրային բացասական կարծիք ձեւավորելու նպատակ եւ, եթե հետեւենք սոցիալական մեդիային, ապա ստիպված կլինենք ընդունել, որ ալիեւյան հատուկ ծառայություններին «ինչ-որ բան հաջողվում է»:

Թեման մեզանում արծարծվում է գերազանցապես այն կտրվածքով, որ ԼՂՀ նախկին նախագահների, մյուս պաշտոնյաների ազատ արձակման եւ հայրենադարձության ուղղությամբ Հայաստանի իշխանությունները «ոչինչ չեն ձեռնարկում»: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ Նիկոլ Փաշինյանից պահանջել է «դադարեցնել բանակցությունները, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվել»:

Կարելի է, իհարկե, ավելի բարձր նոտայի հայտարարություն անել եւ պահանջել, որ Հայաստանի ԱԱԾ-ն եւ Արտաքին հետախուզության ծառայությունը կազմակերպեն եւ իրակաանցնեն Բաքվում պահվող բոլոր հայ անձանց «տարհանման հատուկ գործողություն»: Բայց մի բան է ցանկությունը, այլ՝ պետության հնարավորությունը եւ նրա որեւէ քայլի նպատակահարմարությունը:
Ադրբեջանում, ինչ խոսք, նույնիսկ ազգությամբ ադրբեջանցիների նկատմամբ արդար դատավարություն չի իրականացվում, քննչական մեկուսարաններում բռնության են ենթարկվում ոչ միայն տղամարդիկ, այլեւ՝ կանայք: Վկայությունները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների փաստագրումները բազմաթիվ են, հրապարակված եւ արձանագրված ԵԽՎ-ի, Եվրախորհրդարանի կողմից:
Այս պայմաններում արդյունավետ ի՞նչ քարոզչություն է հնարավոր կազմակերպել, որ «մեղադրյալներին» կարող է օգտակար լինել: Դատելով Բաքվի մամուլի կեսբերան ակնարկներից՝ ԼՂՀ նախկին նախագահները մեղադրվում են «ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ Ադրբեջանի դեմ ագերսիվ պատերազմ սանձազերծելու» եւ այդ ընթացքում «ռազմական հանցագործություններ իրականացնելու» մեջ:

Ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադար հաստատվել է 1994թ. մայիսի 12-ին: Մինչ այդ, նույն տարվա փետրվարի 18-ին կողմերը Մոսկվայում ստորագրել են զորքերի բաժանարար գծի մասին նախնական արձանագրություն: Փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրել է Պաշտպանության բանակի լիազոր ներկայացուցիչ Բակո Սահակյանը, որ ներկայումս ունի «մեղադրյալի» կարգավիճակ:


Բակո Սահակյանի հետ նույն փաստաթուղթն ստորագրած՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը, որքան հայտնի է, ոչ եւս է: Ոչ եւս է նաեւ Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի հետ 1993թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հեյդար Ալիեւի հանձնարարությամբ մի քանի փուլով բանակցել է՝ ռազմաճակատում քառասունօրյա հրադադար հաստատելու հարցով: Դա պետք էր, որպեսզի Հեյդար Ալիեւը նախընտրական քարոզչության վրա կենտրոնանալու հնարավորություն ունենար:

Մամեդովը եւ Գուլուզադեն, տասնյակ այլ անձինք, որ Ստեփանակերտի հետ ուղղակի բանակցություններ են վարել, այդ թվում՝ պատանդների, ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցերով կամ մեռյալ են, նրանց հնարավոր չէ դատակոչել եւ որպես վկա հարցաքննել:
Իսկ ի՞նչ ասել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Զեյնալ Նաղդալիեւի եւ Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու մասին, որ քառասունչորօսրյա պատերազմից հետո տասնյակ հանդիպումներ են ունեցել Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել հարցեր, եկել որոշակի համաձայնությունների:
Իլհամ Ալիեւն առաջին անգամ Շուշի է մտել 2021թ. հունվարի 15-ին: Եւ նրա այդ ուղեւորությունը նախապատրաստելու համար Ադրբեջանի հատուկ ծառայությունները համագործակցել են ԼՂՀ ուժային կառույցների հետ: Ուզու՞մ ենք օգտակար լինել ԼՂՀ նախկին պաշտոնյաներին՝ պետք է բոլոր փաստերը, որ վկայում են Բաքու-Ստեփանակերտ ուղղակի շփումների եւ պայմանավորվածությունների մասին, հրապարակայնացվեն: Այն կտրվածքով, որ եթե նրանք «ռազմական հանցագործներ են», ապա մեղսակից է առաջին հերթին Հեյդար Ալիեւը: Չէ՞ որ առաջին պատերազմի հրադադարի համաձայնագիրը նրա պաշտպանության նախարարն ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարի հետ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

4 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

21 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

36 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

55 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago