

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա տեսքով ընդունում է» եւ մարտի մեկից «դադարեցնում կրակը»: Իմրալի կղզում զմահ ազատազրկման պատիժ կրող Օջալանն, ինչպես հայտնի է, Թուրքիայի դեմ քրդական զինված պայքարի հիմնական պատճառ է համարել «ինքնության բացառումը եւ ազատությունների սահմանափակումը» եւ ընդգծել, որ ընդունում է նախագահ Էրդողանի «հավաստիացումները»:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ «քուրդ եղբայրներին» հորդորել է զենքը վայր դնել, լուծարել ՔԲԿ-ն եւ «սահմանադրական քաղաքացիության հիմքով ներգրվել երկրի քաղաքական կյանքին»: Քրդական բանվորական կուսակցության տարածած հայտարարությունը Թուրքիայի իշխանություններին մի քանի նախապայմաններ է առաջարկում: Դրանցից գլխավորը, թերեւս, այն է, որ կուսակցության ինքնալուծարման համագումարը պետք է անձամբ նախագահի Աբդուլլա Օջալանը, նրան պետք է շնորհվի «ֆիզիկական կյանքի լիակտար ազատություն, ինչպես նաեւ իր բարեկամների հետ շփվելու հնարավորություն»:
Դատելով թուրքական մամուլում տեղ գտած արձագանքներից, ՔԲԿ հայտարարությունն իշխանությունների համար անակնկալ է: Վերլուծականներից մեկում, մասնավորապես, այն տեսակետն է իշխում, որ «կրակի դադարեցում» ձեւակերպումը «ՔԲԿ-ի հայտնագործությունն է»: Հեղինակի գնահատմամբ՝ նման համաձայնություն «ձեռք է բերվում պետությունների, ոչ թե պետության եւ ահաբեկչական կազմակերպության միջեւ»:
ՔԲԿ-ն, ընդսմին, կրակի դադարեցումը պայմանավորել է իր դեմ Թուրքիայի հարձակումների դադարեցմամբ: Թուրքական մամուլը, մինչդեռ, պնդում է, որ «հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն, եթե քրդական խմբավորումները չզինաթափվեն»:
Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի իշխանությունները համոզված էին, որ քրդական զինված կազմավորումները կմերժեն պայքարը դադարեցնելու մասին Օջալանի կոչը, ՔԲԿ-ն կմասնատվի «հարմարվողականների» եւ «մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարողների» , ինչը քրդերի դեմ նոր եւ ավելի ծավալուն ռազմագործողություն սկսելու առիթ կհանդիսանա:
Ըստ երեւույթին, հայտարարություն տարածելուց առաջ ՔԲԿ-ն ոչ միայն ներքին քննարկումներ, այլեւ արտաքին դերակատարների հետ խորհրդատվություններ է անցկացրել: Այդ առումով Թուրքիայի նախագահը հայտնվել է անցանկալի իրավիճակում: Օջալանի հարցում, գուցե, որոշում կընդունվի, բայց քրդական հարցի օրինական կարգավորումը չափազանց բարդ ընթացակարգ է ենթադրում:
Օջալանի հետ բանակցությունների միջնորդ հանդես է եկել DEM կուսակցությունը, որի հիմնական ընտրազանգվածը քրդերն են: Անցյալ տարվա տեղական ընտրությունների արդյունքներով Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանների տասնյակ քաղաքներում հաղթել են էթնիկ քուրդ թեկնածուները: Իշխանությունները ներկայումս նրանցից շատերի դեմ քրեական հետապնդումներ են սկսել:
«Ազգային հաշտության» գործընթացն, անկասկած, ներառնելու է ինչպես այդ, այլեւ քրդերին մշակութային «ինքնավարություն» շնորհելու , նրանց քաղաքական ինքնակազմակերպվածության սկզբունքները սահմանելու հետ կապված խնդիրներ: Հակառակ պարագայում ՔԲԿ լուծարումը կարող է բերել ավելի արմատական տրամադրված նոր կառույցի ձեւավորման:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիայի նախագահը, որպեսզի սեփական նախաձեռնությունը չվերածվի լրջագույն փորձության: Էրդողանը մտադիր է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել եւ երրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվել: Ներքաղաքական ներկայիս դասավորվածությամբ այդ նպատակը չափազանց դժվար իրացնելի է:
Ակնհայտ է, որ նա քրդական հարցի շուրջ փորձում է համախմբել նոր ընտրազանգված՝ ի հակակշիռ Ժողովրդա-հանրապետական կուսակցության, որ արեւմտամետ եւ աշխարհիկ արժեքների կրող է: Բայց քրդերը կընդունե՞ն Էրդողանի «սահմանադրական քաղաքացիության» կարգավիճակը, թե՞ քաղաքական ինքնություն ստանալու խնդիր կառաջադրեն:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…