Լրահոս 24/7

Իսկ Իսրայելը եւ Թուրքիան «պատերազմի շեմին են»

Հայաստանյան փորձագիտական որոշակի շրջանակներ վերջին մի քանի օրերին տեսլական են ներշնչում, որ «Թուրքիան, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պատրաստվում են Ադրբեջանը դարձնել Իրանի դեմ հարվածների հենակետ»: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս բացահայտ քարոզչական թեզը, հասկանալի է. հանրությանը ներշնչվում է, որ «բարեկամ Իրանի դեմ դավադրություն է նախապատրաստվում, որի շրջանակներում Ադրբեջանը կօգտագործի պատեհ առիթը եւ Սյունիքում կգնա էսկալացիայի»:

Ոչ ոք, իհարկե, Ադրբեջանի նման մտադրությունները վստահաբար բացառել չի կարող: Խնդիրն այն է, թե որքանո՞վ է իրատեսական այսպես կոչված «հակաիրանական կոալիցիայում Իսրայելի եւ Թուրքիայի միասնական ներկայությունը»:

Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մարտի 31-ին վարչապետ Բենիամին Նաթանյահուն հատուկ ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն կանցկացնի՝ օրակարգում ունենալում «Սիրիայում Թուրքիայի ազդեցության» հարցը:

Անցած շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայի հարավ-արեւմտյան տարածքներում մի քանի ռազմական թիրախներ են խոցել, այդ թվում՝ երկու օդանավակայան, ինչպես նաեւ սիրիական բանակի սպայական զորանոց: Ըստ վստահելի աղբյուրների, մոտ ապագայում այդ օդանավակայանները եւ ռազմական նշանակության այլ ենթակառուցվածքներ պետք է տրամադրվեին Թուրքիային՝ ռազմահենակայաններ ստեղծելու նպատակով:

Կարելի է վստահաբար ասել, որ Իսրայելը Սիրիայի տարածքում փաստացի թուրքական ռազմական օբյեկտներ է խոցել: Մարտի 30-ին, Ռամադանի պահքի ավարտի կապակցությամբ «գոհունակության աղոթքից» հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի խնդրին եւ Երկնայինից խնդրել, որպեսզի «կործանի սիոնիստական Իսրայելը»:

Եթե մինչեւ վերջերս կարելի էր հավատ ընծայել վարկածին, որ իրականում թուրք-իսրայելական «հակասություններ չկան, Էրդողանը գործնականում հակաիսրայելական ոչինչ չի ձեռնարկում», ապա «սիոնիստական Իսրայելը կործանված տեսնելու» հրապարակային ցանկությունից հետո Էրդողանը ետդարձի ճանապարհ չունի:

Ինչու՞: Որովհետեւ Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր են, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դրել է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրազանգվածի գերակշիռ մեծամասնություն են կազմում ծայրահեղ ազգայնականները եւ իսլամականները:

Իսրայելի հետ հակասությունները հասցնելով բարձակետին՝ Էրդողանը Թուրքիայում բարձրացնում է ազգայնականության նոր ալիք, համախմբում իր ընտրազանգվածը: Անշուշտ, մեծ է նաեւ Սիրիայում ազդեցության նշանակությունը: Այս դեպքում, հավանաբար, Թուրքիան կդիմի Ռուսաստանի օգնությանը, որպեսզի երկուսով ստանձնեն արաբական այդ երկրի «պահնորդությունը»:

Թուրք-իսրայելական բախում կլինի՞: Իրավիճակը, հավանաբար, չի հասնի Սիրիայում ուղղակի թուրք-իսրայելական առճակատման, բայց պրոքսի պատերազմ հնարավոր է: Նման դեպքում գրեթե բացառված է, որ Թուրքիան միանա Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան կոալիցիային, եթե անգամ հարցը հասնի Թեհրանի դեմ ուժի կիրառմանը: Թուրքիան եւ Իրանն, իհարկե, ամենեւին էլ «կաթնեղբայր» չեն: Բայց այս փուլում Էրդողանը համաիսլամական համերաշխության առաջատար է եւ այդ դերը չի զիջի, քանի դեռ Միացյալ Նահանգներից Մերձավոր Արեւելքում «պահնորդության իրավունք» չի ստացել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

8 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

8 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

8 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

8 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

10 hours ago