Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին: Բանակցությունների ամենաէական արդյունք, թերեւս, կարելի է համարել այն, որ Թուրքիան վերաստանձնում է Կոսովոյում Հյուսիս-ատլանտյան դաշինքի սահմանափակ զորախմբի հրամանատարությունը: Ռյուտեն, ընդ որում, կմասնակցի դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ Անթալիայում կմեկնարկի մայիսի 14-ին եւ կշարունակվի հաջորդ օրը, երբ գործընկերներին կմիանա ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա է ժամանել նույն օրը, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է մերձավորարեւելյան շրջայցը: Թրամփի ծրագրում Իսրայել այցը նախատեսված չէ: Ավելին, ինչպես հայտնի է դարձել «Եդիոտ ահրոնոտին», նույն օրը, երբ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի օդանավակայանում, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին պաշտոնական նոտա է հղել՝ բացատրություն պահանջելով տեղեկատվության համար, որ Վաշինգտոնը «պատրատվում է Թուրքիային F-35 գերարդիական կործանիչներ վաճառել»:
Իսրայելական vesty-ին հայտնում է, որ այդ հարցով անցյալ շաբաթ վարչապետ Նաթանյահուն խոսել է խորհրդարանի արտաքին կապերի եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փակ նիստում եւ գրեթե «խոստովանել, որ թուրք-ամերիկյան գործարքը կայացած է»:
Պաշտոնական Երուսաղեմը նաեւ Վաշինգտոնի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի նախագահի «հակասեմիտական հայտարարությունների» վրա: Մոտ մեկուկես ամիս առաջ Էրդողանն ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալների առջեւ Բարձրյալին խնդրել էր, որ «կործանի սիոնիստական պետությունը»:
Իսրայելում չափազանց մտահոգված են, որ Թուրքիան, ԱՄՆ-ից ձեռք բերելով գերարդիական կործանիչներ, տարածաշրջանում կփոխի ուժերի հավասարակշռությունը: Ներկա դրությամբ Իսրայելի օդուժը գերազանցում է թուրքական եւ ազատորեն գործում է Սիրիայում: Եթե Թուրքիան F-35 կործանիչներ ստանա, ապա իսրայելական օդուժը կկորցնի գերակայությունը:
Այս ֆոնին խիստ ուշագրավ է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը գործուղվել է Բաքու: Արարողակարգի եւ քաղաքական տրամաբանության համաձայն՝ նա պետք է մնար Անկարայում եւ ներկա գտնվեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, բայց նրան փոխարինել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Ի՞նչն է Էրդողանին ստիպել, որպեսզի պաշտպանության նախարարին գործուղի Ալիեւի հետ հանդիպման: Մայիսի առաջին օրերին ադրբեջանական եւ իսրայելական մամուլում մի շարք հոդվածներ են հրապարակվել, որ Նաթանյահուն կմեկնի Բաքու եւ կքննարկի իսրայելա-աադրբեջանա-ամերիկյան «քաղաքական դաշինք ստեղծելու հարցը»: Նաթանյահուի Բաքու այցը չկայացավ: Ավելին, որքանով հասկացվում է, մայիսի 11-ին նախատեսված՝ իսրայելա-թուրքական «տեխնիկական պատվիրակությունների» բանակցությունները, որ պետք է անցկացվեին Բաքվում, նույնպես չեղարկվել են:
Թուրքիայի հանդեպ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի փոփոխությունը, Իսրայելի հետ հարաբերությունների սառնությունը, երեւում է, բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել. տարածաշրջանում իր դերը եւ ազդեցությունը հաստատելու հարցում Անկարան, հավանաբար, այլեւս երրորդ կողմի, այդ թվում եւ Բաքվի միջնորդության կարիք չունի: Մանավանդ որ ԱՄՆ նախագահը կարեւորում է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդությունը:
Մայիսի 10-ին Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ քառասունչորսօրյա պատերազմի «հաղթանակը» վերագրել է բացառապես ադրբեջանական ժողովրդին, անձամբ իրեն: Ըստ երեւույթին, դա ազդակ է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Թուրքիային, որ Բաքուն «ոչ ոքի ոչինչ պարտք չէ»: Թուրքիայի պաշտպանության նախարարը, հավանաբար, գործուղվել է Բաքու, որպեսզի Ալիեւին ներկայացնի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը: Դատելով ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների հրապարակումներից, Մոսկվան եւս դժգոհ է Ալիեւից: Ի՞նչ է նրան առաջարկում Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իսրայելի հետ ռազմավարական գործընկերության վերանայու՞մ: Անկարան կարո՞ղ է կարգավորել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները, վերականգնել գործընկերությունը:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան














