Լրահոս 24/7

Ռուս-ամերիկյան «ապահարզա՞ն»

Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների «վերբեռնման» խորհրդատվությունների հերթական հանդիպումն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հետաձգվել է: Այդ մասին ՌԴ ԱԳՆ թելագրամ-ալիքում գրառում է կատարել գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմի «պաուզան տեւական չի լինի»: Այս տեղեկատվությունը խիստ ուշագրավ է մի քանի առումներով:

Նախ, հարկ է հիշել, որ ռուս-ամերիկյան խորհրդատվությունների հերթական փուլի անոնս անցյալ շաբաթասկզբին արել էր Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիեւ: Նա ասել էր, որ կողմերը համաձայնել են հանդիպումները Ստամբուլից տեղափոխել կողմերի մայրաքաղաքներ, եւ հաջորդ քննարկումները կկայանան Մոսկվայում: Նույն օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ դեսպան Թրեյսին թողնում է պաշտոնը, հանգամանք, որ չէր կարող կապ չունենալ ռուս-ամերիկյան բանակցությունների հետ: Այդ տեղեկատվությունն արդեն իսկ վկայում էր, որ Մոսկվա-Վաշինգտոն «վերբեռնումը» չի ստացվում կամ առնվազն բարդ է ընթանում:

Եւ ահա Իրանի դեմ Իսրայելի լայնածավալ հարձակման չորրորդ օրը հայտնի է դառնում, որ ամերիկացիները խորհրդատվությունների համար ոչ միայն Մոսկվա չեն մեկնում, այլեւ «պաուզա են խնդրել»: Ընդ որում, դա տեղի է ունենում ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հերթական հեռախոսազրույցից ընդամենը երկու օր հետո: Անկասկած է, որ Պուտին-Թրամփ հեռավար բանակցությունները ծանր են ընթացել: Հակառակ դեպքում ռուս-ամերիկյան անոնսավորված հանդիպումը Վաշինգտոնի կողմից չեղյալ չէր հայտարարվի:

Պետք է ենթադրել, որ ԱՄՆ նախագահի համար, մեղմ ասած, տարակուսելի է իրանա-իսրայելական պատերազմի հարցում Պուտինի միանշանակ դիրքորոշումը, երբ նա Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը համարում է, որ Իսրայելն իրացնում է ինքնապաշտպանության իրավունքը:

Չափազանց կարեւոր է, որ Մոսկվայի հանդիպումը հետաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը հայտնի է դարձել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից շատ կարճ ժամանակ անց: Պուտին-Էրդողան բանակցությունների մասին Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության տեքստում առկա է խիստ ուշագրավ ձեւակերպում. կողմերը պայմանավորվել են, որ իսրայելա-իրանական պատերազմի հարցում համապատասխան գերատեսչությունները «կաշխատեն կոորդիանցված»:

Խոսքը, կրկնենք, պատերազմական իրավիճակում Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերի մասին է, իսկ նման իրավիճակում կոորդինացիան կարող է լինել երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ՝ հատուկ ծառայությունների միջեւ: Ոչ Մոսկվայի, ոչ Անկարայի համար գաղտնիք չէ, որ Իրանի դեմ առարկայական ռեժիմում պատերազմում է Միացյալ Նահանգները, որի պայմանը մեկն է՝ մարտական գործողությունները կդադարեն, եթե Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից:

Ի՞նչ կոորդիանացիա կարող է լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների միջեւ, եթե հակամարտության մի կողմում Իրանն է, մյուսում՝ Միացյալ Նահանգները, որի նախագահ Թրամփը վերջին երեք ամիսներին չափազանց մեծ սիրալիրություններ է արել թե Ռուսաստանի, թե Թուրքիայի նախագահին: Առկա իրավիճակում ռուս-թուրքական կոորդինացիան, ինչ բնագավառում էլ որ լինի, սկզբունքորեն Միացյալ Նահանգների դեմ է: Ռուսաստանը եւ Թուրքիան, իհարկե, Իրանի «ցավով չեն տառապում», բայց վերջնագրային հարկադրանքի տակ հայտնված Թեհրանին նրանց ցանկացած աջակցությունը Միացյալ Նահանգների շահերին դեմ է, ուղղակիորեն հարվածում է նախագահ Թրամփի հեղինակությանը: Չափազանցություն կլիներ, իհարկե, ենթադրել, որ ռուս-ամերիկյան, վերբեռնումը ձախողված է», բայց Իրանի հարցում ռուս-թուրք կոորդինացիան, անկասկած, Վաշինգտոնի համար մտահոգիչ է: Ի տարբերություն Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ եվրոպական առաջատար երկրներն Իսրայելին աջակցություն են հայտնել: Այդ հողի վրա հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը վերանայի Ուկրաինայի հարցում դիրքորոշումը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

4 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

23 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

43 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago