Լրահոս 24/7
03.10.2025

Ադրբեջանը առաջ է քաշում նախապայմաններ՝ չենք կիսում այդ օրակարգը. Միրզոյան

Ադրբեջանը առաջ է քաշում նախապայմաններ՝ չենք կիսում այդ օրակարգը. Միրզոյան

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։

Լրագրող. Բարև ձեզ և բարի գալուստ TVP World։ Ես Դիանա Սկայան եմ, և մենք գտնվում ենք Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Իմ այսօրվա հյուրն է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շատ շնորհակալություն, պարոն նախարար, որ այսօր մեզ հետ եք։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հրավերի համար:

Լրագրող. Այսպիսով, օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիրը։ Այդ ժամանակից ի վեր ի՞նչ առաջընթաց է գրանցվել:

Արարատ Միրզոյան. Իրոք, օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Հռչակագիրը, և այդ Հռչակագիրը ստորագրվեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա։ Եվ այդ Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ։ Նախ և առաջ նրանք ականատես եղան Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի և իմ կողմից Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։

Սա ինքնին շատ լուրջ հանգրվան էր։ Բացի այդ, այս Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Իսկ այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների անխախտելիություն, երկրների ինքնիշխանություն, ինչպես նաև անցուղիների և վերականգնվելիք ու վերագործարկվելիք ենթակառուցվածքների նկատմամբ ազգային իրավազորության ճանաչում։

Լրագրող. Սա՞ այն է, ինչ կոչվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:

Արարատ Միրզոյան. Գաղափարը շատ ավելի լայն է, քան դա։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։

Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

Ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։

Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։

Լրագրող. Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ մենք հնարավորություն ունեցանք այցելելու դեպի սահման։ Նրանք մեզ ցույց տվեցին սահմանային շրջանները, լեռները։ Մենք տեսանք դա։ Բայց թույլ տվեք այս հարցը ուղղել Ձեզ, պարոն նախարար, ինչքան էլ այս հարցը բարդ լինի. կա՞ մոտավոր ժամանակացույց, թե երբ այս սահմանները, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը կբացվի ազատ տարանցման, ճանապարհորդությունների և այլնի համար։ Եվ արդյո՞ք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին։ Քանի որ ես հիշում եմ, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն տրամադրել է 145 միլիոն տարբեր ծրագրերի համար։ Այսպիսով, ե՞րբ կարող ենք տեսնել ժամանակացույց:

Արարատ Միրզոյան. Տեսեք, ինչպես արդեն ասացի, մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։

Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է:

Կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իմ կողմից։ Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։

Լրագրող․ Տասնամյակների հակամարտությունից հետո։

Արարատ Միրզոյան․ Տասնամյակների հակամարտությունից հետո։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։

Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցներին՝ խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։

Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝ այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են։

Լրագրող․ Ի՞նչ կասեք մարտահրավերների մասին։

Արարատ Միրզոյան․ Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։

Լրագրող․ Խոսելով ագրեսիվ հռետորաբանության մասին՝ թույլ տվեք հարցնել․ ի՞նչ դեր է այսօր շարունակում խաղալ Ռուսաստանը։ Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է։ Բայց արդյո՞ք այն որևէ դեր շարունակում խաղալ Հայաստանի անվտանգության հարցում։ Թե՞ այլևս չունի այն նույն նշանակությունը, ինչ ուներ, օրինակ, 15 տարի առաջ։

Արարատ Միրզոյան․ Գիտեք, խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։

Լրագրող․ Ինչո՞ւ։ Լավ չէ՞ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արևմուտքի հետ և մերձենում Եվրոպային։

Արարատ Միրզոյան․ Գուցե այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ձեր ռուսաստանյան հյուրերին, եթե լինեն այդպիսիք: Սակայն առանց խորանալու պատճառների մեջ, այդ պատճառները կարող են լինել և՛ պարզ, և՛ բավական բարդ, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ թե՛ մեր ռուս գործընկերները, և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ, և վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ մեր վարչապետի ղեկավարությամբ, ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս տարի ևս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։

Լրագրող․ Մենք՝ TVP World-ում, հուսով ենք, որ կունենանք ևս մեկ հնարավորություն այցելելու Երևան՝ լուսաբանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Շնորհակալություն Ձեզ, պարո՛ն Միրզոյան, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում TVP World-ի եթերում մեզ հետ լինելու համար։ Ես Դիանա Սկայան եմ։ Շնորհակալություն մեզ միանալու և դիտելու համար։ Սա մեր հարցազրույցն էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Լրահոս
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
16:31
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
16:14
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
16:08
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
15:59
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
15:40
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
15:35
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
15:24
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին.  Ծառուկյան
14:55
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին. Ծառուկյան
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
14:29
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
14:11
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
13:43
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
13:18
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան