Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Այս անգամ էլ դատական նիստը բոյկոտել են Արմեն Գեւորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը եւ Վարդգես Գեւորգյանը,- տեղեկացնում է armtimes.com-ը:
Էրիկ Ալեքսանյանը դատարանին դիմում է հասցեագրել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Փաստ է, որ սույն քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցներից, մասնավորապես՝ տուժող կողմից, մշտապես դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ: Սակայն դատարանը երբեւէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել՝ նշված երեւույթները կանխելու համար:
Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդներից մեկը հնչեցրել է սպառնալիք, որոնց որեւէ ողջամիտ արձագանք չի տրվել:
Ակնհայտ է, որ դատարանն ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները՝ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառությունը: Նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիարժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականությունները:
Արմեն Գեւորգյանի պաշտպաններս չենք ներկայանում այսօրվա դատական նիստին՝ հույս ունենալով, որ հաջորդ դատական նիստին կապահովվի նիստի բնականոն ընթացքը եւ հավասարության սկզբունքը»:
Առավել մանրամասն՝ armtimes.com

















