Նախագահ Արմեն Սարգսյանը սիրիական Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում խոսել է Սևրի պայմանագրի մասին, որի 100-ամյակը լրանում է այսօր։ Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին։
«Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, և այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը։
Սևրի պայմանագրին նախորդել էր 1920 թվականի փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում առ այն, որ պետք է ստեղծել մեկ, միասնական հայկական պետություն։ Ընդսմին, որպես հայոց պետականության խարիսխ ճանաչվել էր արդեն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920 թվականին հունվարի 19-ին de facto ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, որին պիտի միացվեին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ։
Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին), և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։
Լրագրողի նկատառմանը՝ Սևրի պայմանգիրը մնաց թղթի վրա, նախագահը պատասխանել է․
«Ավելի շուտ, Սևրի պայամանգիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել։
Սևրի պայմանգիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների՝ Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես Սիրիայի (ներկայումս Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի։
Այս շարքում Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։ Այն կարող էր մասամբ դարմանել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություննների կարգավորման, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև տևական խաղաղության հաստատման։
Սակայն 1920 թվականի սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշավանքը Հայաստանի Հանրապետության դեմ ավարտվեց Հայոց անկախ պետականության վերացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ։
Այսպիսով, հայ ժողովրդի դարավոր պայքարը՝ մեկ պետական կազմավորման մեջ միավորելու բաժանված Հայաստանի մասերը, չպսակվեց հաջողությամբ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը և աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը և տերը իր հազարամյակների պատմության և քաղաքակրթության։ Ինչ էլ արել են և անեն, ինչքան էլ ժխտեն ակնհայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն և ջնջեն հայոց պատմության և քաղաքակրթության նյութական հուշարձանները և հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի հիշողությունը։
Սևրի հաշտության պայմանագիրը այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»։
Նախագահը շեշտում է, որ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը չի չեղարկել Սևրի պայմանագիրը․
«Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա։ Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին։ Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են»։
Քրիստինե Հովսեփյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սահմանին իբրև թե կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությանը՝ նշելով,…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել…
Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…
Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…