Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ:
Ի՞նչ դիրքորոշում ունեք Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցում։
-«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս 2000-ական թթ․ սկզբից պաշտպանել է այն ուղեգիծը, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին լուրջ քայլ կարող է լինել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Տարբեր գործընթացներում մեզ տրվել է պատասխան, որ մեր ճանաչումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, և մեր դիրքերը կուժեղացնի այն ճանապարհը, երբ այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը։ Բայց այս պատերազմը, որն արդեն մեր ազգային նպատակների հստակեցման և դրանց հասնելու ճանապարհն է, ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ամենևին էլ մարտահրավեր չէ՝ նետված Մինսկի խմբի եռանախագահներին կամ աշխարհին, այլ ճիշտ ճանապարհ է՝ ցույց տալու, որ Արցախը պայքարում է իր անվտանգության համար, իր փրկության և կենսական խնդիրների լուծման համար։
Ի՞նչ եք կարծում. արդյո՞ք օրվա հրամայական չէ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, և ի՞նչ կփոխի այն երկու պետությունների փոխգործակցության մեջ։
-Ես կարծում եմ, որ զուտ բովանդակային առումով այդ դաշինքը վաղուց է կայացած։ Հայաստանը և Արցախի գործում են որպես մեկ պետություն․ այսինքն՝ «մեկ ազգ, մեկ պետություն» գաղափարաբանությամբ։ Ռազմաքաղաքական դաշինք կնքելու խնդիրն ավելի շատ արտաքին ուժերի համար է, ներքին առումով մենք դաշինքի կարիք չունենք, մենք գործում ենք որպես մեկ հայրենիք։ Բայց իբրև դրսին ուղղված ազդակ՝ մենք միացել ենք այդ առաջարկությանը։ Բայց դրա առաջին քայլն անկախությունը ճանաչելն է, որովհետև ռազմաքաղաքական դաշինք կնքում են և միջպետական հարաբերություններ հաստատում են այն միավորի հետ, ում դու պետականորեն ճանաչում ես, և կան միջազգային իրավունքի տարբեր նորմեր, որոնք մեզ կարող են օգնել։
Այս առիթով ուզում եմ ընդգծել, որ կա միջազգային նախադեպ․ դա Կոսովոյի օրինակն է: Կոսովոյի ժողովուրդը անջատվեց, և բազմաթիվ այլ միջազգային հզոր գերտերություններ ճանաչեցին այդ պետությունը՝ հետապնդելով այլ աշխարհաքաղաքական նպատակներ։ Կարծում եմ՝ այսօր ճիշտ ժամանակն է ցույց տալու, որ «Անջատում հանուն փրկության» բանաձևը, որն արդեն կիրառվել է Կոսովոյում և նախադեպ է, իսկ նախադեպայնությունը միջազգային իրավունքում շատ կարևոր է, պետք է կիրառվի նաև Արցախի վերաբերմամբ։ Եվ հիմա այնքան էլ խնդիրը չէ, թե մենք կլինենք առաջինը, թե ուրիշը։ Համոզված եմ, որ մեր լոբբիստական ուժերը և ընդհանրապես՝ միջազգային հանրությունը կգնահատի Հայաստանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու քայլը և ավելի կդյուրացնի այդ ճանապարհը՝ բարձրանալով այդ «տարածքային ամբողջականության» միջազգային նորմի անպտուղ քննարկումներից և ցույց տալ, որ կա «անջատում հանուն փրկության» տարբերակը։
Նվարդ Մելիքյան