Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Այս մասին Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում` Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց,
«Այս պահին ոչ մի հստակ ժամկետ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը։