Թիվ 1-ը հարցազրույց է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանի հետ։
Պարոն Ցուգունյան մեր հարցազրույցը, սկսենք Ձեր ոլորտին առնչվող հիմնախնդիրներից, ապա կանդրադառնանք որոշ ներքաղաքական հարցերի:
Հաճախ, մեր հանգիստը կազմակերպելով շրջակա միջավայրում, մոռանում ենք բնության նկատմամբ հոգածության մասին, նույնիսկ, մեզ համար կենսական նշանակութնուն ունեցող միջավայրի նկատմամբ ենք անտարբեր: Ի՞նչպիսին է վիճակն այս առումով Հայաստանի անտառներում և անտառածածկ տարածքներում:
Ճիշտ նկատեցիք, որքան էլ տարօրինակ է, մենք շատ հաճախ անթույլատրելի անտարբերություն ենք ցուցաբերում նույնիսկ մեզ համար կենսատու շրջապատող միջավայրի նկատմամբ: Եթե, ինչպես նշեցիք, բնությանը ու ,մասնավորապես, անտառածածկ տարածքներին վերաբերվեինք, որպես մեր կենսագործունեությունն ապահովող անփոխարինելի միջավայրի, ապա այսօր շատ խնդիրների չէինք բախվի՝ սկսած անտառային տարածքները մաքուր պահելուց, վերջացրած ապօրինի ծառահատումներով:
Իհարկե, ինձ համար, որպես ոլորտի ղեկավար, անտառը նաև ,կամ, նախ և առաջ, խոշոր տնտեսություն է իր խնդիրներով և հնարավորություններով, կառավարիչներով և անտառի հնարավորություններից օգտվել ցանկացող քաղաքացիներով: Կարևոր եմ համարում այս երեք կոմպոնենտների կամ շահառուների՝ շրջակա միջավայրի (տվյալ դեպքում անտառի), այն կառավարող անձանց և անտառի հնարավորություններց ու բարիքներից օգտվող քաղաքացիների, հանրուայան շահերի բալանսի ապահովումը: Այստեղ ցանկացած շեղում անթույլատրելի է, իսկ դրա որևէ դրսևորում պետք է լինի ի նպաստ բնության, ինչը, մեծ հաշվով, հենց հանրային շահն է:
Գիտենք, որ վերջին տասնամյակներում անտառներն անխնա հատվել են, այսօր էլ երբեմն պատկան մարմինների կողմից ապօրինի ծառահատումների բացահայտման դեպքերի ենք ականատես լինում: Ի՞նչ ժառանգություն եք ստացել և ի՞նչ ունենք այսօր:
Ցավոք, երկար տարիներ անտառին մոտեցել են պարզունակ սպառողի հոգեբանությամբ, անտառից միայն վերցվել է՝ առանց փոխհատուցման: Գաղտնիք չէ, որ այն շատ սահմանափակ թվով մարդկանց համար եղել է բնության հաշվին հարստություն դիզելու աղբյուր, իսկ անտառամերձ տարածաշրջանների ազգաբնակչության համար, օբեկտիվորեն, որոշակի սոցիալական խնդիր է լուծել: Բոլոր դեպքերում, բնության նկատմամբ ցանկացած ապօրինություն դատապարտելի է:
Մեր նպատակը ապօրինի ծառահատումների մակարդակը նվազագույնի հասցնելն է: Խնդրի լուծումը մի քանի բաղադրիչներ ունի. ինստիտուցիոնալ-կառուցվածքային բարեփոխումներ, նյութատեխնիկական վերազինում, կարողությունների ընդլայնում և մարդկային գործոն: Ցանկացած բարեփոխման կենտրոնում մարդն է, ով ներգրավված է անտառկառավարման և անտառվերականգնման գործում, մարդը, ով ունի սոցիալական խնդիր և անտառի հաշվին ցանկանում է լուծել այն, և մարդը, ով անտառը դիտարկում է ապօրինի հարստացման աղբյուր: Անտառկառավարման և անտառպահպանության ոլորտի բարեփոխումներում հաջողելու համար կարևոր է հաշվի առնել նշված հանգամանքը: Մեր խնդիրը ոչ միայն կառավրման և վերահսկողության արդյունավետ մեխանիզմների կառուցումն է, այլև մարդկանց մոտ շրջակա միջավայրի նկատմամբ նոր մոտեցումների ու մշակույթի ձևավորումն է:
Մենք հասկանում ենք, որ անտառամերձ տարածաշրջանների ազգաբնակչության համար անտառը որոշակի սոցիալ խնդիր է լուծում, մարդիկ վառելափայտի կարիք ունեն: Սա հաշվի առնելով, «Հայանտառը» ընդառաջում է սոցիալապես անապահով մեր քաղաքացիներին և օրինական հատատեղիներում ու անտառի այլ հատվածներում առկա թափուկը տրամադրվում է նաև այս խավին: Սակայն, ցավոք, երբեմն այս հանգամանքը չարաշահվում է և որոշ մարդիկ փորձում են անտառի հաշվին «բիզնես անել», ինչը, բնականաբար, թույլ չենք տա: Ապորինություն գործած բոլոր անձինք կբացահայտվեն ու կպատժվեն և, ինչպես բազմիցս նշել եմ՝ բնության հաշվին կոմպրոմիսներ չեն լինելու:
Կարճաժամկետ հեռանկարում ի՞նչ ծրագրեր են նախանշված։
Ինչպես նշեցի, առաջիկայում նախատեսում ենք մեր նյութատեխնիկական բազայի որոշակի վերազինում և կարողությունների ընդլայնում: Մասնավորապես, պահապանության երկու տարածքներում շուրջօրյա հերթափոխով վերահսկողություն կազմակերպելու համար առաջիկայում ձեռք ենք բերելու երկու տնակ: Անտառապահների շարժունակությունը և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռք կբերվեն փոքր, շարժունակ, ամենագնաց կվադրոցիկլեր:
Այս նպատակով, նաև հաշվի առնելով անտառային տնտեսությունների կարծիքը և պահանջները, ձեռք կբերվի շուրջ քառասուն ձի, ինչի համար մրցույթն արդեն հայտարարված է: Նախատեսում ենք որոշ անտառտնտեսություններում անտառապահներին նաև դիպուկահար զենք հատկացնել, ինչը երկակի նշանակություն կունենա: Այստեղ ունենք օրենսդրական որոշակի խոչընդոտ, այն հաղթահարելուց հետո ծրագիրը կյանքի կկոչվի: Անտառպահպանութնան և անտառվերահսկման ոլորտում արդյունավետության բարձրացման ուղղությամբ մեր կարևոր նախաձոռնություններից է արագ արձագանքման խմբի ձևավորումը: Նախատեսում ենք առաջին փուլում ձևավորել 30 հոգանոց խումբ, որը պարբերաբար ստուգումներ կիրականացնի պահպանության վայրերում, ըստ անհրաժեշտության կգործուղվի անտառտնտեսություններ, կիրականացնի անակնկալ այցեր և ստուգումներ:
Մեր կարևոր նպատակներից է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը: Խնայված միջոցներից այս տարի շուրջ 900 աշխատակցի աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունեցել, ինչը կփորձենք դարձնել շարունակական:
Պարոն Ցուգունյան շատ կարևոր խնդիր է նաև անտառների վերականգնումը, անտառածածկ տարածքների ավելացումը: Հայտարարվեց «10 միլիոն ծառ» նախաձեռնոության մասին: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ և ի՞նչպիսի պոտենցյալ ունենք:
Անտառածածկ տարածքների ընդլայնման հետ կապված Հայաստանի Հանրապետությունն ունի նաև միջազգային պարտավորություն, սամայն այն մենք իրականացնում ենք ոչ թե, որ ունենք նման պարտավորություններ, այլ, որ այն մեզ խիստ անհրաժեշտ է, հատկապես, հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների արագընթաց տեմպերը և դրա՝ օրեցոր նկատվող բացասական հետևանքները: Ինչ վերաբերում է «10 միլիոն ծառ» նախաձեռնությանն, ապա պետք է նշեմ, որ այն մեզ համար նպատակ է, տեսլական, որին պետք է հասնենք հնարավորինս կարճ ժամկետներում: Միայն այս տարվա գարնանն իրականացված համապետական ծառատունմկի շրջանակներում տնկվել է շուրջ 190 600 տնկի, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում աշնանային ծառատունկի կազմակերպման ուղղությամբ, նախատեսվում է 70 հեկտարի վրա տնկել շուրջ 210 000 տնկի:
Նաև տեղեկացնեմ, որ 2019 և 2020 թվականներին տնկվել է, համապատասխանաբար, 480 000 և 339 000 տնկի: Սակայն, այս ամենով հանդերձ, մենք կարիք ունենք մեր ներուժի ընդլայնման, թե՛ քանակական և, թե՛ որակական առումով: Միջազգային գործընկերների հետ համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսում ենք մի քանի անգամով ավելացնել ջերմոցային տնկարանների թիվն, ինչը մեզ հնարավորություն կտա աճեցնել ավելի քան 1 միլիոն տնկի: Նայև հնարավորութնուն կունենանք աստիճանաբար անցում կատարել տնկիների աճեցման փակ արմատային եղանակին, որի պարագայում, ի տարբերություն բաց արմատայինի, կպչողականությունը հասնում է մինչև 99%-ի:
Պարոն Ցուգունյան, չէինք կարող չանդրադառնալ նաև որոշ քաղաքական հարցերի: Վերջերս մամուլում տեղեկություններ հրապարակվեց, որ Դուք Աբովյան քաղաքի ավագանու ընտրություններում լինելու եք ՔՊ քաղաքապետի թեկնածուն և գլխավորելու եք ցուցակը: Ձեր մեկնաբանությունը:
Տեղյակ եք, որ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում և ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան պահանջների, ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով և, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում, այնպես էլ Աբովյանում համայնքի ղեկավարի ուղիղ ընտրություններ տեղի չեն ունենալու: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնում են ավագանու նախընտրական ցուցակ և ձայների մեծամասնություն ստացած կուսակցության կամ կուսակցությունների թեկնածուն ավագանու կողմից ընտրվում է համայնքի ղեկավար: Այսինքն, այս ընտրությունները բացառապես քաղաքական բնույթ են կրում և ոչ թե անհատներն, այլ քաղաքական ուժերն են որոշում կայացնում այս կամ այն թեկնածուին առաջադրելու համար, ուստի, եթե ՔՊ-ն որոշում կայացնի իմ թեկնածությունն առաջադրել-չառաջադրելու հարցում, ես կենթարկվեմ իմ քաղաքական թիմի ցանկացած որոշման: Իսկ մինչ այդ զերծ կմնամ այս հարցում որևէ մեկնաբանությունից:
Ի՞նչպես կգնահատեք ներքաղաքական վերջին զարգացումները, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները: Արդարացվա՞ծ է ընդդիմության վարքագիծը և պահանջները:
Իհարկե, ընդդիմության առաքելությունը հենց իշխանության բացերը տեսնելը, բարձրաձայնելը և քննադատելն է: Կառուցողական, երկրի ապագայով մտահոգված ընդդիմությունը նաև լուծումներ է առաջարկում, ինչը քաղաքական դիսկուրսը բերում է բովանդակային հարթութնուն: Ցավոք, խորհրդարանում վերջին գործընթացները հակառակ պատկերն են արձանագրում: Խորհրդարանական ընդդիմությունը միտումնավոր փորձում է սրել իրավիճակը, երկրի համար բարդ ժամանակներում անկայունացնել ներքաղաքական կյանքը՝ կարճաժամկետ քաղաքական դիվիդենտներ շահելու հույսով:
Ես հասկանում եմ, որ ցանկացած բովանդակային բանավեճում իրենց դիրքերը խոցելի են, քանի որ յուրաքանչյուր բարձրաձայնած խնդրի արմատները գալիս են այդ նույն խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կառավարման ժամանակներից ու միշտ ակտուալ է լինելու հարցադրումը այդ ուժերին այն մասին, որ շուրջ երկու տասնամյակ ժամանակ են ունեցել իրենց իսկ բարձրաձայնած խնդիրները լուծելու համար: Այն նաև բարոյական նուրբ գիծն է, որը դիսկոմֆորտ է առաջացնում նշածս ուժերի մոտ:
Տեսեք, դուք ձեր հարցադրման մեջ նշեցիք, որ Հայաստանում անտառները տասնամյակներ շարունակ անխնա ոչնչացվել են: Այո՛, հայաստանյան անտառները շուրջ երկու տասնամյակ ոչնչացվել են այն նույն քաղաքական ուժերի կառավարման օրոք, որոնք այսօր խորհրդարանում ֆորմալ առումով ընդդիմություն են և կարող են խոսել այդ ոլորտում առկա հիմնախնդիրներից : Ավելին, անտառները քաղաքական քվոտայով հանձնված են եղել բոլորին հայտնի քաղաքական ուժի «հոգածությանը», որի անդամներն ամենօրյա ռեժիմով հայրենասիրական ճառերի նոր բարձունքներ են նվաճում: Եվ, երբ մենք խոսում ենք բարձրաձայնված խնդրների էությունից՝ սկսած ծագումնաբանությունից, այդ նույն ուժերը մեզ մեղադրում են անցյալից կառչած լինելու մեջ, մինչդեռ, հենց անցյալում գործած սխալների բարձրաձայնումը, հանրայնացումը և վերլուծությունն է մեզ հնարավորություն տալիս խուսափել հնարավոր սխալներից:
Այնուամենայնիվ, կառուցողական աշխատանքին այլընտրանք չկա, մեր քաղաքական ուժը աշխատանքի նման հրապարակային առաջարկ արել է՝ հանուն Հայաստանի կայուն զարգացման ու ապագայի: Գնդակն այլ դաշտում է:
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…
Հունգարիան հերթական անգամ արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։ ԵՄ 27 երկրներից 26-ը…
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և…
Վլադիմիր Զելենսկին, հրապարակայնորեն հայտարարելով Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելուց հրաժարվելու մասին, իրականում հրաման է տվել նոր…
YoHealth հավելվածն օրերս ներկայացվել է «Ալեքսանդր» հյուրանոցում Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական…
Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում…