Ձեռագործ («Հենդմեյդ») ապրանքների արտադրությունը և կիրառումը վերջերս լայն տարածում են գտել: Խոսքը հատկապես աքսեսուարների մասին է՝ մանավանդ փայտից պատրաստված:
Փայտե իրերի հանդեպ անտարբեր չէին նաև գյումրեցի եղբայրներ Բաբկենը և Դավիթը, որոնք վաղուց էին մտածում կյանքի կոչել հայկական արտադրության ձեռագործ փայտե աքսեսուարների արտադրությունը:
Այսպես շուտով ստեղծվում է Twinz Eyewear բրենդը, որը զբաղվում է փայտե ակնոցների մոդելավորմամբ և ձեռագործ արտադրությամբ:
Արմատներ ձգելով հայրենիքում…
Բաբկենը, մասնագիտությամբ ոսկերչական ժամացույցների դիզայներ լինելով, իսկ Դավիթը՝ ոսկերիչ, եղբայրներով տարիներ շարունակ մտածել են սեփական բիզնեսը սկսելու մասին, կատարել են շուկայի ուսումնասիրություններ, գծագրել սկզբնական մոդելներ, գնահատել պահանջարկը, և միայն 2014 թ. հիմնել բրենդը: Ի սկզբանե, Twinz-ը նախատեսված է եղել Հայաստանից արտահանման համար, սակայն, ի վերջո, հիմնադիրները եկել են այն համոզման, որ ցանկացած բան պետք է առաջին հերթին սկսել հայրենիքում արմատներ ձգելուց ու հայրենիքում հաստատվելուց:
Այժմ Twinz ապրանքանիշը մեծամասամբ գործունեություն է ծավալում հայաստանյան շուկայում:
Բրենդի հիմնադիր Բաբկեն Խաչատրյանը պատմում է, որ սկզբից փայտով փորձարկումներ էին անում՝ ստանալու համար տարբեր աքսեսուարներ և ոչ միայն ակնոց: Մի քանի փորձարկումից հետո հասկացան, որ փայտե ակնոցի գաղափարը լավն է, և իմաստ ունի դրանով լուրջ զբաղվել: Բաբկենը շուրջ 10 տարի աշխատելով ոսկյա շքեղ ժամացույցների բիզնեսում, իր առջև դրել էր մեկ նպատակ՝ ոչնչով չզիջել շվեցարական շքեղ ապրանքանիշերի որակին և հայկական շուկայում մատուցել նմանը չունեցող աքսեսուարներ.
«Մենք կարող ենք ստանալ որակ, որն ամբողջ աշխարհում շատ բարձր կգնահատվի: Ինչո՞ւ չգործել»,- ասում է Բաբկենը:
Twinz անունը կապվում է երկվորյակ բառի հետ՝ թեպետ հիմնադիր եղբայրները երկվորյակ չեն: Այս անունը խորհրդանշական է, քանի որ ակնոցն ինքն իրենով երկվորյակության խորհրդանիշն է կրում. մի կողմը չի կարող առանց մյուսի և միայն երկու միանման կողմերը միասին կարող են դառնալ ակնոց: Անունն արտացոլում է հենց ապրանքանիշի ներդաշնակությունը:
Բնությանը վերադարձնելով այն, ինչ վերցնում ես…
Twinz բրենդը բոլորովին վերջերս Armenia Tree Project-ի հետ կազմակերպել էր էկո-ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվում էին ակնոցների նոր՝ գարուն-ամառ հավաքածուն, ինչպես նաև շուրջ 100-ից ավել տարբեր տեսակի ծառեր ու տնկիներ, որոնք ցուցահանդեսի ավարտից հետո տնկվեցին Երևանում և Գյումրիում:
Այս միջոցառմամբ Twinz- ը զարկ տվեց իր նոր գաղափարին՝ մեկական ծառ յուրաքանչյուր վաճառված ակնոցի դիմաց.

«Մենք հասկանում ենք, որ բնափայտ օգտագործողներ ենք և որ անհրաժեշտ է բնությանը վերադարձնել այն, ինչ վերցնում ենք: Յուրաքանչյուր վաճառված ակնոցի փոխարեն տնկելով մեկական ծառ՝ մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մայր բնությանը՝ մեզ հումքով ապահովելու համար»:
80-ից ավել ծառեր են տնկվել Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնում՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ և 20-ից ավել ծառեր տնկվել են Երևանի Մաշտոցի ու Խաչքարերի պուրակներում:
Twinz թիմը ժամանակ առ ժամանակ այցելում և խնամում է ծառերը, որոնք տնկվել են: Ընկերությունը նախատեսում է ծառատունկի միջոցառումը դարձնել ամենամյա՝ գարնանատունկի և աշնանատունկի ժամանակ:
Ավելին՝ thearmenians.am

















