«Իսկ ո՞վ է ասել, որ զինծառայողը լքել է մարտական դիրքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ ունեն երեկ մարտական դիրքը լքած 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանից, նրա ընտանիքից, դիրքը լքելու պատճառներից, այսպես արձագանքեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Արայիկ Ղազարյանն այդ գյուղի բնակիչ է: Նշենք՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Արթուր Ստեփանյանն ասաց, որ երեկ երեկոյան իմացել են լուրը, որ Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց դիրքը լքելու մասին տեղեկություն չեն ունեցել: Գյուղապետը պատմեց, որ միանգամից այցելել է Արայիկի ընտանիքի անդամներին. «Հակահետախուզության տղաների հետ մենք երեկ երեկոյան եղել ենք նրանց տանը: Հայրը տանը չէր: Նա, լուրը լսելով, միանգամից մեկնել էր Արցախ: Մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող էր, սահմանից իջեցրին, իրեն տեղափոխեցին Վայքի ռազմական կայազոր, իսկ մենք մնացինք տանը: Եղբորն ենք խնդրել, որ լուրն ասի մորը: Մենք նման տեղեկություն չունեինք, թե Արայիկ Ղազարյանը դիրքն է լքել, մորն ասեցինք, որ իր որդին գտնվում է Ադրբեջանի տարածքում. հակահետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ եղանակի ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել է թշնամու սահմանում: Երբ երեկ երեկոյան Արայիկ Ղազարյանի մայրն իմացավ լուրը, վատացավ, նրան տեղափոխել ենք Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այժմ վիճակը նորմալ է»:
Ավելին՝ aravot.am

















