ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Այս մասին, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաև նշել է, որ քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի հատկանիշներով և վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։
Այս գործը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ կապ չունի, սակայն չի բացառվում, որ այն միացվի և քննվի մեկ վարույթում:

















