Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք է այցելել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որին դիմավորել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Կիևում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին։
Անդրադառնալով Ուկրաինա կատարած այցին, Բայդենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ինքը Կիևում է պատերազմի տարելիցի նախաշեմին։
«Քանի որ մենք մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարելիցին, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և վերահաստատելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-գրել է ԱՄՆ առաջնորդը։
Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծել է երկրների կոալիցիա՝ Ուկրաինային աննախադեպ աջակցության նպատակով։

















