ՀՀ կառավարությունը «Lydian Armenia» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ 250 մլն դոլարի փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Lydian Armenia» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ միջոցները կուղղվեն շինարարական աշխատանքների ավարտին ու տեխնիկայի ձեռքբերմանը: Հայաստանի կառավարությունն ապահովագրողին կապահովի որոշակի ռիսկերից, իսկ տեղական իշխանությունները 7 մլն դոլար կստանան ընկերության աջակցության համար։
Թեմայի շուրջ զրուցել ենք սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։
-Եթե գանք նախապատմությունից, ինչու՞ փակվեց Ամուլսարը և ի՞նչ հետևանքներ թողեց։
-Հանրային պահանջ էր ձևավորվել և այդ պահանջի համաձայն փակվեց, բայց ամբողջ հարցը այն է, թե հանրային պահանջ ձևավորողը ի՞նչ նպատակներով է դա արել։ Ինձ մոտ կա վարկած, որ դա կազմակերպվել է Հայաստանում այդ ոլորտում աշխատող ռուսական կապիտալի անմիջական առաջնորդությամբ և ֆինանսավորումով, այսինքն գլոբալ վերցված՝ բողոքը ճիշտ էր, ինչ հանրությանն ասում էին, բայց ճշմարտությո՞ւնն էին ասում, թե՞ ոչ, դա մեծ հարց է։ Հետևաբար՝ նմանատիպ հիմքերով ժամանակավրեպ գործողություն էր, և ես այն ժամանակ էլ կնախընտրեի, որ նորմալ աուդիտ գար և չկասեցվեր հանքի շահագործումը։
Հիմա հանքի շահագործման ակնհայտորեն երկու պատճառ ունենք՝ մենք այժմ չունենք ոսկու արդյունաբերություն, որովհետև Սոթքը մեծամասամբ մնացել է Ադրբեջանին, և այս հանքի շահագործումն անհրաժեշտ է ՀՀ-ին և անկախ ամեն ինչից՝ հանքը պետք է աշխատի։ Բացի դրանից հուսով եմ, որ ռուսական ազդեցություն չի լինի։ Ինչ վերաբերում է բնապահպանական նորմերին ես մի քանի բնապահպան մասնագետների հետ խոսել եմ, ասել են այս հանքի շահագործումն՝ ամենաառաջադեմն է։
Իմ կարծիքով բացումը ճիշտ է՝ հաշվի առնելով, այն, որ այս ընթացքում տեղեկությունները որոնց ես տիրապետում եմ՝ այնքան էլ բնությանը վնաս չէ ինչքանով, որ մեզ ներկայացնում են։ Ես ընդհանրապես համարում եմ, որ պատասխանատու կերպով բնությունը օգտագործելը ճիշտ է, որովհետև հակառակ դեպքում, եթե նայում ես՝ մարդն ամենամեծ վնասն է բնությանը։
-Իսկ այն խոսակցությունները, որոնցում նշվում է, որ հանքի գործունեության կասեցումը հետևանք էր Ջերմուկում տեղի ունեցած ադրբեջանական գործողությունների սանձազերծման, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը և արդյո՞ք փոխկապակցված են։
-Միանշանա՛կ։ Բրիտանական կապիտալը եթե աշխատեր Ամուլսարում՝ պարզ է, որ դեպի այդ կողմ ոչ ոք ոչ մի գործողություն չէր անի։ Ասեմ ավելին՝ ադրբեջանցիների այդ կողմով հարձակվելը, բացի մարտավարական տեսանկյունից, քանի որ այդ կետից ամենամոտն է Նախիջևանի սահմանին, նաև այդ կողմը անարդյունավետ և հետագայում ներդրումներից ազատ պահելու համար է, որ հետո հանկարծ Սյունիքը չզարգանա։
-Քաղաքական իմաստով ի՞նչ ազդեցություն կար կամ ու՞մ էր ձեռնտու տվյալ պարագայում ստեղծված իրավիճակը։
-2018 թվականին փակվեց, որի հետևում կանգնած էր Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանն ապահովեց «բնապահպանական շարժում», որպեսզի թույլ չտա, բացի ՌԴ-ից այլ երկրի կողմից ներդրում և մուտք հայկական արդյունաբերության մեջ՝ հեռակա նպատակ ունենալով հետագայում հանքն իրենով անելու։
Այս պահին մենք չունենք հանք, Սոթքի հիմնական մասը մնաց Ադրբեջանին, էլ չեմ խոսում, որ Սոթքն ընդհանրապես ռուսական էր, իսկ հանքարդյունաբերությունը թողնել ռուսների ձեռքը, դա ռազմավարական սխալ է։ Ես նույնիսկ կողմ եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբտենը «թափ տան» և պարզեն, արդյո՞ք ռուսական անգամ մեկ տոկոս ազդեցություն կա՞, թե՞ ոչ։ Էսպես ասեմ՝ ռուսական կապիտալը Հայաստանում 10 տոկոսից ցածր պետք է լինի՝ ցանկացած պարագայում, հակառակ դեպքում՝ կարող ենք ընկնել պատժամիջոցների տակ։
-Բնապահպանական առումով վտանգվա՞ծ չէ Ջերմուկը՝ լինելով հանգստյան գոտի և շրջակա տարածքում ունենալով շահագործվող հանք։
Էսպես ասեմ․ նախ այդ հանքը այդքան էլ Ջերմուկի տարածքում չէ, հիմա ադրբեջանցիները Ջերմուկին ավելի մոտ են, քան հանքը։ Պրակտիկ տեսնակյունից պետք է նայել, եթե դու դիտարկում ես պատասխանատու աշխատողներին՝ ասենք լիցենզիայի պատասխանատուն վերցնում էր իր վրա էկոլոգիապես ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացը, շատ լավ՝ դի՛ր եվրոպական ստանդարտ, ասա՛ այսպես պիտի լինի, նորից եմ ասում՝ բնությանը ամենամեծ վնասը հասցնում է մարդը։ Հիմա, որ այս իշխանությանը մոտ կանգնած մեծ ֆինանս ունեցող մարդիկ իրենց առևտրային կենտրոնները սարքում են և Երևանում ծառահատումներ են իրականացնում անդադար, Երևանում օդը բաղկացած է քաղցկեղածին նյութերից, հիմա սա վնաս չէ՞։
-Եթե ընդհանրացնենք, հանքի շահագործումը ի՞նչ դրական ու բացասական հետևանքներ է ունենալու։
Ամենակարևոր և առաջնային հարցն այն է, որ հարակից բնակավայրերի բնակիչները կսկեն ավելի լավ ապրել, երկրորդ՝ բյուջեն կավելանա, երրորդ՝ տեխնոլոգիաներ կգան Հայաստան, և մենք պետք է պայման դնենք, որ աշխատանքներին մասնակցեն տեղական ինժեներական անձնակազմ, այսինքն՝ պարտադիր չէ ընկերությունները տեղական լինեն, նույնիսկ ավելի լավ է, որ չլինեն, բայց լինեն ընկերություններ որոնք լիցենզավորված են Եվրոմիությունում, Մեծ Բրիտանիայում կամ Շվեցարիայում աշխատելով, ձևակերպումն էսպես պիտի լինի։ Մի քանի երկիր կա, որ ես նրանց հանքարդյունաբերությանը և արդյունահանմանը վստահում եմ, օրինակ, Կանադա, Ավստրալիա, Շվեդիա, Շվեցարիա, Նորվեգիա այդ երկրների ստանդարտներին համապատասխան ախշատող և այդ երկրներում լիցենզավորված ընկերությունները պետք է ամեն ինչը անեն, այդ թվում՝ աուդիտները։
Բնապահպանական կողմից, երբ սկսեց հանքը աշխատել և ավարտին հասցնել աշխատանքը, բնականաբար պետք է համապատասխան ստանդարտներով վերածվի ինչ-որ մի վիճակի, որը լինի հետագայում օգտագործելի։
Իսկ ռիսկերը բուն դրա հետ կապված, ես միայն մի բան եմ տեսնում, որ չկատարվեն վերը նշված գործողությունները՝ չպահպանվեն կառուցապատման, բնապահպանական նորմերը, դա իհարկե վտանգ է։
Մերի Մանուկյան