Եվրոպան հետաքրքրված է աջակցել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որը փորձում է խաղաղություն հաստատել հարեւանների հետ եւ թուլացնել կախվածությունը Ռուսաստանից: Բայց երկարաժամկետ հեռանկարում հաղթանակ է տոնելու ապաանձնավորված աջակցությունը, այլ ոչ թե ակնթարթային բոցավառությունը:
Հայաստանը երբեք այսպիսի ուշադրության կենտրոնում չի եղել: Հարավային Կովկասի երեք հանրապետություններից ամենափոքրն այժմ ամենադինամիկն ու ժողովրդավարականն է՝ դուրս գալով բազմամյա կիսամեկուսացվածության վիճակից: Երեւանի պարգեւն է լինելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովի անցկացումը 2026 թվականի մայիսի 4-ին, որին կհաջորդի պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը:
Ակնկալվում է, որ եվրոպական առաջնորդները՝ առաջին հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, աջակցություն կհայտնեն դեպի ԵՄ Հայաստանի ձգտումներին եւ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին: Հավանաբար, Երեւանում կհայտարարեն վիզային ռեժիմի ազատականացման հարցում առաջընթացի եւ նոր ֆինանսական օգնության հատկացման մասին:
Ժամանակը, իհարկե, պատահական չէ ընտրված: Ինչպես եւ Մոլդովայում 2025 թվականին, ԵՔՀ գագաթնաժողովը կոչված է աջակցություն ցույց տալ վերընտրվել ձգտող եւ Ռուսաստանի ճնշմանը ենթարկվող եվրոպապետ կառավարությանը:
Այնուամենայնիվ, Երեւանում եվրոպական առաջնորդները ստիպված կլինեն քայլել բարակ սառույցի վրայով: Մասնակցելով նրան, ինչը Փաշինյանին աջակցող նախընտրական հանրահավաքի տեսք ունի, նրանք պետք է նաեւ ավելի ընդգրկուն խոսակցություն ծավալեն ավելի ամուր եւ պակաս բեւեռացված Հայաստան կառուցելու մասին:
Երկիրն արժանի է եվրոպական ուշադրությանը: Այն գտնվում է Բաքվի հետ ցավոտ, բայց փոխակերպող խաղաղ համաձայնագրի եզրին, որը սահմանների բացում կապահովի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Հայաստանը նաեւ պատմական հնարավորություն ունի թուլացնելու իր չափազանց մեծ կախվածությունը Մոսկվայից, քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակում է ապակողմնորոշել եւ հյուծել Ռուսաստանը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այս փոփոխություններին առաջնորդող Փաշինյանը նույնպես արժանի է աջակցության, բայց վերապահումներով: Նա միակ քաղաքական գործիչն է, որը իրական տեսլական է առաջարկում Հայաստանի ապագայի համար եւ ակտիվորեն ձգտում է թոթափել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հակամարտության բեռը:
Հիմնական ընդդիմությունը ներկայում բաղկացած է երեք անգրավիչ ընդդիմադիր կուսակցություններից, որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի հետ:
Գրավիչ այլընտրանքի բացակայությունը նշանակում է, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», հավանաբար, կհաղթի ավելի շատ լռելյայն՝ քան ընտրողների զանգվածային ոգեւորության շնորհիվ: Բայց նրան անհրաժեշտ է ավելին, քան պարզապես հաղթանակ. խորհրդարանում ձայների երկու երրորդը՝ նոր սահմանադրություն ընդունելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորություն ունենալու համար, ինչը պատմական կարգավորման համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի վերջին պայմանն է:
Այնուամենայնիվ, այս տարածաշրջանի պատմությունը մեզ հուշում է, որ ռիսկային է հենվել մեկ առաջնորդի վրա՝ առանց այլ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու:
Վրաստանի 2000-ականների պատմությունը նախազգուշացում է: Նրա արեւմտյան հովանավորները, հատկապես Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում, երկրին վերաբերվում էին որպես արեւմտամետ նախագծի եւ լաբորատորիայի: Նրանք այն անվանում էին «ժողովրդավարության փարոս» խնդրահարույց տարածաշրջանում եւ չէին ընկալում Վրաստանը որպես իրական երկիր՝ կոնկրետ խնդիրներով:
Այն ժամանակ չափազանց անձնավորված ուշադրության կենտրոնում էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Արդյունքում Սահակաշվիլիի վաղ տարիների տպավորիչ հաջողությունը վերածվեց տեւական ներքին եւ արտաքին ճգնաժամի, անհանդուրժողականության այլախոհության նկատմամբ եւ պատերազմի Ռուսաստանի հետ: Սա հակաազդեցություն առաջացրեց եւ իշխանության բերեց «Վրացական երազանքի» կառավարությանը, որը հեռացավ Եվրոպայից՝ կոչ անելով ընտրողներին զգուշորեն վերաբերվել արեւմտյան խոստումներին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ինչպես իր վրաց նախորդը, Փաշինյանը կարող է միաժամանակ կարճաժամկետ լուծում եւ երկարաժամկետ խնդիր լինել իր երկրի համար: Փաշինյանը հայ հասարակության մեջ դառնում է ավելի ու ավելի բեւեռացված դեմք: Նա ձեւակերպում է խաղաղության ձգտումը սեւ-սպիտակ երանգներով՝ նախազգուշացնելով, որ եթե իր կուսակցությունը չվերընտրվի, «աղետալի պատերազմ» կլինի: Սա չի ոգեշնչում ընտրողներին, որոնք դեռեւս կրում են Ադրբեջանից 2020 եւ 2023 թվականներին երկու ռազմական պարտությունների տրավման եւ խաղաղության առավելությունների ավելի լավ ներկայացման կարիք են զգում:
Անհանգստացնում է նաեւ այն, որ Փաշինյանը հետաքրքրություն չունի ժողովրդավարությունը ամրապնդող եւ հասարակության հետ կառավարության կառուցողական հետադարձ կապն ապահովող ինստիտուտների ստեղծման հարցում: Ինչպես մյուս հետխորհրդային ժողովրդավարություններում, դատական համակարգը ամենաթույլ օղակն է՝ դեռեւս չբարեփոխված եւ իշխանությունների կողմից որպես քաղաքական զենք օգտագործվող: 2025 թվականի Հայաստանի մասին զեկույցում Freedom House-ը գրել էր. «Դատարանները համակարգային քաղաքական ազդեցության են բախվում»: Իշխանությունները օգտագործեցին այս զենքը՝ խորհրդարանի խոսնակին վիրավորած պոդքասթերներին ձերբակալելու եւ հիմնական ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին մինչեւ դատը կալանքի տակ պահելու համար:
Վարչապետի եւ նրա ամենամոտ շրջապատի չափազանց անձնավորված կառավարումը արգելակում է Հայաստանը առաջ տանելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցումը եւ սահմանափակում է ԵՄ-ի կողմից առաջարկվող Global Gateway միջոցների օգտագործման հնարավորությունները:
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին եվրոպական ուղերձը եւս զգուշություն է պահանջում: Բոլորը գիտեն, որ Մոսկվան խնդիր է: Հազիվ թե գաղտնիք է, որ ազդեցությունը կորցնող տարածաշրջանային հեգեմոնը երազանքներ է փայփայում ՝ սահմանափակելու կամ վերացնելու Փաշինյանի կառավարության լիազորությունները: Փաշինյանի եւ Պուտինի զրույցը տեսախցիկների առաջ Ռուսաստանի դժգոհությունն ակնհայտ դարձրեց:
Մոսկվան փորձում է օգտագործել սոցիալական ցանցերը՝ ապատեղեկատվություն տարածելու համար եւ այդ պատճառով Բրյուսելը Հայաստանում հիմնում է փոքր առաքելություն՝ օգնելու իշխանություններին դիմակայել դեզինֆորմացիային, կիբեռհարձակումներին եւ անօրինական ֆինանսական հոսքերին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այնուամենայնիվ, հայերի մեծամասնությունը, ներառյալ այսօրվա առաջնորդներին, ձգտում է ապահովել դիվերսիֆիկացում, այլ ոչ կտրել կապերը Ռուսաստանից: 2026 թվականի փետրվարյան հասարակական կարծիքի հարցման համաձայն, 56 տոկոսը աջակցում է այնպիսի արտաքին քաղաքականությանը, որը թույլ կտա պահպանել լավ հարաբերություններ ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Հայաստանի տնտեսությունը դեռեւս մեծապես կախված է Մոսկվայից, եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կմնա առնվազն հաջորդ մի քանի տարիների ընթացքում:
Այս պատճառներով Փաշինյանի կառավարությունը դանդաղ եւ քայլ առ քայլ է թուլացնում Ռուսաստանի տնտեսական եւ ուժային ազդեցությունը: Եվրոպացիները պետք է սա հաշվի առնեն եւ համբերություն դրսեւորեն: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում Հայաստանը դանդաղ եւ կայուն աջակցության, այլ ոչ թե պարզապես փայլուն նախընտրական համերաշխության դրսեւորման կարիք ունի:












