

Այսօր Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։
Հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։
Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլքեր Թյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։
Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։
Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի, 2023-ի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։
«Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար», – նշված է հայտարարությունում։
Հայտարարությանը միացել են Հայաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրալիան, Ավստրիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը և ևս 17 երկրներ։
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…