

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:
Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է և պահանջում է անհապաղ ու միասնական արձագանք՝ իր ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահը նշել է.
«Կլիմայի փոփոխության հետևանքները դրսևորվում են տարբեր ձևերով՝ ջերմաստիճանի բարձրացում, անկայուն եղանակային պայմաններ և բնական աղետների հաճախականության աճ:
Հայաստանում մենք զգացել ենք կլիմայի փոփոխության հետևանքները՝ սկսած գյուղատնտեսության կառուցվածքի փոփոխություններից մինչև ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրներ:
Կարևոր է, որ մենք գնահատենք այս իրողությունները և վճռական գործողություններ ձեռնարկենք դրանց հետևանքները վերացնելու համար:
Որպես խորհրդարանականներ՝ մենք կարևոր դեր և պատասխանատվություն ենք ստանձնել այս հարցում:
Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլև օրինակ ծառայելը, կրթելը և այնպիսի քաղաքականություն վարելը, որի առաջնահերթությունը կայունությունն ու դիմակայունության բարձրացումն է:
Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը ոչ միայն կբավարարի մեր ներկայի կարիքները, այլև կկանխարգելի վաղվա մարտահրավերները:
Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս նախաձեռնության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաև մեր միջազգային գործընկերներին, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարություններին: Անգնահատելի է մեր խորհրդարանի ներուժին աջակցելու ձեր հանձնառությունը:
Այսօրվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը կայուն զարգացմանն ուղղված հասանելի տնտեսական և ֆինանսական գործիքների կիրառումն է:
Մենք պատկերացում կկազմենք «կանաչ ֆինանսավորման» տարբերակների և կայուն ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումները՝ մաքուր էներգիայի և կայուն ենթակառուցվածքների մեջ:
Համագործակցելով և օգտագործելով մեր հավաքական փորձը՝ մենք կարող ենք նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը և լավագույն պրակտիկայի ներդրմանը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Այսօրվա մեր ջանքերից է կախված այն ժառանգությունը, որը մենք թողնելու ենք գալիք սերունդներին: Մենք պարտավոր ենք ապահովել կայուն և բարեկեցիկ ապագա:
Շնորհակալ եմ այս կարևոր գործին ձեր նվիրվածության համար և սպասում եմ նոր գաղափարների ու համագործակցության, որոնք ի հայտ կգան այս համաժողովի քննարկումների ընթացքում»:
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու մեր երկրում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Նշվել է, որ Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ծրագրերը շարունակական են լինելու:
Այս առումով ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունը շրջակա միջավայրի քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում:
Առանձնակի կարևորվել է այն հանգամանքը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:
Քննարկումների ընթացքում բանախոսները տարբեր ձևաչափերով անդրադարձել են կլիմայի օրակարգի ամրապնդման գործում խորհրդարանի դերին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու անհրաժեշտությանը, դիտարկվել են Հայաստանում կլիմայի ռիսկերի փաստական ապացույցները, ընդգծվել դիմակայունության ամրապնդման կարևորությունը:
Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրերի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…