

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրապարակային բանավեճի կոչ է ուղղել, որպեսզի ապացուցի, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը եղել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
Նախկին նախագահներն այդ առաջարկությունը մերժել են եւ Արցախի կորստի միակ պատասխանատու «նշանակել» իրեն՝ Նիկոլ Փաշինյանին:
Հայաստանի փորձագիտական հանրությունը, որ չափից ավելի քաղաքականացված է, բնականաբար բաժանվել է երկու ճամբարի: Մեկը գտնում է, որ նախկին նախագահները «պարզապես ասելիք չունեն, հրաժարվել են, որպեսզի հրապարակային պարտություն չկրեն», մյուսը Փաշինյանին ներկայացնում է նույն մեղադրանքները, որ կրկնվում են չորս տարի ի վեր:
Ընդունված է ասել, որ ճշմարտությունը ծայրահեղ տեսակետների միջակայքում է: Եւ սա հենց այդ դեպքն է: Ասվածը հիմնավորելու համար ոչ հեռու գնալ է պետք, ոչ էլ այլոց երբեւէ արտահայտած տեսակետներին հղում անելու անհրաժեշտություն կա: Բավական է գործ ունենալ հավաստի, կողմերի ստորագրությամբ վավերացված մի հիմնարար փաստաթղթի՝ Բիշքեկի արձանագրության, հետ, որովհետեւ դա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստատման քաղաքական համաձայնություն է:
Ինչի՞ մասին է այն: Եթե հակիրճ ձեւակերպենք, ապա 1994թ. մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը քաղաքական համաձայնության են եկել, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, պետք է դադարեցնել արյունահեղությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել բանակցությունների միջոցով:
Իսկ որպեսզի նման հնարավորություն ստեղծվի, կողմերը միմյանց նկատմամբ վստահություն ունենան, պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունված չորս բանաձեւերի պահանջները:
Ով կասկածում է ասվածի հավաստիությանը, կարող է համացանցում որոնել այդ փաստաթուղթը, կարդալ եւ համոզվել, որ այնտեղ նաեւ ասված է, որ այդ բանաձեւերի պահանջների կատարման գործում կողմերը ճանաչում են Ռուսաստանի Դաշնության առանձնահատուկ դերը: Ավելի պարզ ասում են միայն «հայտնի կենդանուն». Բիշքեկի արձանագրությունն այն մասին է, որ հաստատվում է հրադադար, որպեսզի հայկական կողմը վերադարձնի ԼՂ շուրջ ադրբեջանական տարածքները, որպեսզի սկսվեն ԼՂ կարգավիճակի հարցով բանակցություններ:
Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել մեկ շաբաթ անց՝ 1994թ. մայիսի 12-ին: Կես տարի անց Բիշքեկի արձանագրությունը վերաֆորմատավորվել է որպես ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշում, ըստ որի ԼՂ կարգավորումը պետք է տեղի ունենար երկու փուլով: Առաջինը ենթադրում էր պատերազմին վերջ տալու համաձայնագրի ստորագրում Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, երկրորդը՝ ԼՂ կարգավիճակի որոշարկում:
Որեւէ խոսք այն մասին, որ ԼՂ-ն կունենա Ադրբեջանից անկախ կամ Հայաստանի հետ միավորված կարգավիճակ, այդ որոշման նույնիսկ ենթատեքստում չկա: Ուստի կարող ենք վստահաբար ասել, որ քառորդ դար տեւած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անկախության մասին չեն եղել:
Ընդ որում, պետք է արձանագրել, որ միջնորդների առաջարկությունը լիարժեք եւ իրացնելի է լինում այն դեպքում, երբ դրան համաձայնություն են տալիս բոլոր կողմերը: Բանակցային գործընթացը նման կոնսենսուսային պահ չունի:
Իհարկե, բոլորովին այլ հարց է, թե հայկական կողմն ինչու՞ պիտի վերադարձներ ԼՂ շուրջ ադրբեջանական վեց կամ բոլոր յոթ շրջանները: Բայց հրադադարը հաստատվել էր այդ նախապայմանով, որը չի կատարվել: Իսկ դա թույլ է տալիս ամենատարբեր ենթադրություններ անել: Այս առումով քառասունչորսօրյա պատերազմում պարտությունը, որ տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության օրոք, նրան չի զրկում կարգավորման բանակցությունների վերաբերյալ թերահավատ լինելու կամ նույնիսկ ինքնաարդարացման գործընթաց նախաձեռնելու իրավունքից:
Քաղաքականությունը զգացմունքների հետ քիչ առնչություն ունի: Նախկին նախագահները Փաշինյանին պատասխանել են զգացմունքային տոնայնությամբ: Իսկ բանավեճը գուցե Հայաստանի ոչ միայն ներքաղաքական առողջացման, այլեւ արտաքին ճակատում դիրքերի պահպանման հնարավորությու՞ն է: Այլապես ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները գոնե 1998-ից հետո գործել են «անգիտութմաբ բախտավոր» ռեժիմում, անտեսել են նոր պատերազմի սպառնալիքը:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…