Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե նրանք չեն մասնակցելու քարոզարշավին, որովհետև «Ոչ» քարոզելով՝ ծառայություն են մատուցում իշխանությանը, աբսուրդ է: Ըստ Սիմոնյանի՝ ԼՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր ընտրողների առջև, ուստի պետք է նրանց ուղղորդի:
«Եթե ասում են, որ հանրաքվեն հակասահմանադրական է, դեմ են «Այո»-ին և ոչ մի գործողություն չեն անում, ստացվում է, որ չգիտեն՝ ինչով են զբաղված, չեն կողմնորոշվել»,- պարզաբանեց ԱԺ փոխնախագահը:
Վերջերս Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Մարուքյանը համագործակցում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, ինչին Մարուքյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անդրադարձել էր՝ ժխտելով այդ ամենը:
«Ինձ թվում է՝ Մարուքյանը «մինասյանացավ» է կպել, և դա արդեն քրոնիկ բնույթ է կրում: ՀՀ-ում որևէ մեկը անձերով չի զբաղվում, էլ չեմ ասում, որ այդ անձերը շատ չնչին և անկարեւոր են մեր պետականաշինության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

















