Համազգային սգի և հիստերիկ վայնասունի մեջ սթափության մնացորդներով նկատում ենք իրադարձությունների տարօրինակ հակասությունները, որ էլ ավելի են մոլորեցնում և խճճում ստեղծված դաժան իրականության մեջ։
Պարզաբանելու համար մտքիս ընթացքը՝ հետհայացք ձգենք վերջին մի քանի օրերի իրադարձություններին։ Նախ Շուշին գրավելու լուրը ցնցեց հանրությանը, որին հետևեց 17 կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այնուհետև, 45 օր լռություն պահպանելուց հետո, հայտարարությամբ հանդես եկավ առաջին փեսա Միքայել Մինասյանը՝ միանալով 17 կուսակցությունների պահանջին, իսկ չարաբաստիկ համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ ժամ առաջ ժողովրդին գուժեց, որ նվաստացուցիչ փաստաթուղթը արդեն ստորագրվել է։ Արդեն կատարված իրողություններից հետո՝ խելագարված ամբոխները տրվեցին անկարգություններին՝ ամբողջացնելով օրվա քաոսային պատկերը։
Իսկ հենց այդ պահին՝ զուգահեռ իրականության մեջ, պատերազմի դաշտում շարունակում էին կռվել մեր տղաները, ավելին՝ ռազմաճակատի մի հատվածում զինվորների ու կամավորների մի մասը մարտնչում էին՝ առանց կենդանի մնալու հետագա հեռանկարի, իսկ մեկ այլ ուղղությամբ կռվողները համոզված էին, որ իրենք հաղթում են։
Երևանում վերջին 3 օրերի ընթացքում, անտեսելով ռազմական դրության ռեժիմը, կուսակցությունները շարունակում են բազմամարդ հանրահավաքները և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հիշեցնելով, որ ժամանակ չկա, որ մնացել է ընդամենը 2 օր։ Ժամանակը սուղ է, բայց իրավիճակի մեղմացման ելքերն էլ շարադրված չեն։ Միաժամանակ կրակի վրա յուղ է լցնում փեսան՝ մանրամասն ներկայացնելով դիվանագիտական ճակատի խրոնիկան՝ պնդելով հրաժարականի հրատապությունը։
Հատկանշական է, որ հնչող պահանջին այդպես էլ չի միանում ՀԱԿ-ը, ավելին՝ «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս «պահանջատերերի» խմբակից։
Իսկ զուգահեռ իրականության մեջ, արդեն զինադադարի ընձեռած հնարավորությունից են օգտվում կռված տղերքը՝ արտահայտելով իրենց զարմանքը, զզվանքն ու հիասթափությունը ազգիս «հատընտիրների հայրենասիրական բաժակաճառերի» վրա։
Քրիստինե Հովսեփյան














