Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, հանդես է եկել հայտարարությամբ:
«Իմ և իմ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում և մեզ ազատությունից ակնհայտ ապօրինի կարգով զրկել են։ Իրականությունը ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը ։ Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում։ Նախաքննությանը և դատարանին ներկայացվել են անհերքելի ապացույցներ, որ մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որևէ բնութագիր չի թաքցվել, ավելին մինչև ընդունելը և վճարելը այդ կրակոցները սահմանված կարգով անցել են փորձարկումներ։
Ինձ ապօրինի ազատությունից զրկելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները և տարբեր անձանց կողմից դրանց հրապարակային մեկնաբանությունները վերլուծելով հանգում եմ հետևյալ եզրակացության.
- Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմում պարտության համար մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Օգտվելով նման հնարավորությունից շահագրգիռ անձինք անմնացորդ նվիրվել են ինձ մեղավորների թոփ հնգյակում տեղավորելու իրենց բաղձալի երազանքների իրականացմանը։ Միգուցե ես այս պահին հանդիսանում եմ ամենահարմար թեկնածուն, հաշվի առնելով իմ գործունեության բնույթը։
- Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները , ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում չնայած բոլոր փորձերին , չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել։ Հենց այդ մարդիկ տարբեր լրատվական միջոցներով տեղեկությունները ակնհայտ խեղաթյուրելով և իրականությունը մանիպուլացնելով փորձում են նաև ստեղծել հանրային տրամադրություններ՝ կապված ՊՆ-ի և դրա մատակարարների հետ»։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 16։00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքը՝ կապված վերջինիս կալանավորման հետ։
Նա կալանավորված է փետրվարի 2-ից։
Ըստ ԱԱԾ-ի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։














