Երբ Ալեքսանդր Մինդաձեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մոտեցավ ստանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը, որն օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում շնորհվում է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչությանը ծառայած և համաշխարհային կինոարվեստում մեծ ներդրում ունեցող նվիրյալներին, քիչ է ասել, որ Ալեքսանդր Մինդաձեն հուզված էր:
Այս մրցանակը, որ շնորհվել է նաև Քշիշտոֆ Զանուսիին, Ալեքսանդր Սոկուրովին, Արտավազդ Փելեշյանին, Ռոման Բալայանին, Տիգրան Մանսուրյանին և այլոց, չէր կարող չհուզել մի մարդու, որի արվեստում Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունենալու համոզմունքն է, և այն անվիճելի ճշմարտությունը, որ բոլորն են արժանի կյանք ունենալու պարգևին:
«Ես ուղղափառ մարդ եմ և ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը, որը կոչված է մարդուն ավելի լավը դարձնելուն: Այն արվեստի խնդիրն է և հենց այդ պատճառով է մրցանակն ինձ համար թանկ: Ես այն եմ, ինչով զբաղվում եմ և հենց դրանում է իմ արվեստը»,- ասաց հանուն լույսի ու մարդու արվեստ ստեղծող անհատը:
«Ոսկե Ծիրանի» օրերին ինչպես շատ այլ հեղինակություններ, այնպես էլ Ալեքսանդր Մինդաձեն ազատ ու անկաշկանդ շրջում էր երևանյան արևի տակ, վայելում հայկական ծիրանն ու հյուրասիրությունը, զրուցում մարդկանց հետ, սուրճ խմում երևանյան սրճարաններում, հանդիպում լրագրողների, երիտասարդների, իր արվեստով հետաքրքրվածների հետ: Եվ այս հանդիպումների ընթացքում էր, որ Աննա Բախշյանը որսաց այն մտածումներն ու մտորումները, որ Ալեքսանդր Մինդաձեն ասում էր բարձրաձայն մտածելիս:
Եվ ահա Աննան դրանք փորձել է մեզ առավել հասանելի դարձնել…
Կինոյի այսօրն ու վաղը…
«… Այն զարգանում է, բայց գնում է դեպի մասսայական արվեստ: Սա է մեյնսթրիմը (mainstream): Շատ են նաև հեղինակային ֆիլմերը, որոնք նույնպես ձգտում են դեպի մասսայական կինո: Փոխվել են նաև միջազգային կինոփառատոնների՝ Կաննի, Վենետիկի պահանջները։ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը՝ Կաննում հաղթած «Պորտաբույծը, նույնպես այդպիսի ֆիլմ էր: Այսինքն հեղինակային ֆիլմ, որն ավելի շատ ձգտում է դեպի մասսայական կինո։ Այն նկարված էր այդ սկզբունքով, ինչպես և այսօր Սորենտինոյի ֆիլմերը։
Մասսայակությունը՝ մասսայականություն, բայց, իմ կարծիքով, հեղինակային կինոն միշտ կլինի…»:
Պրոդյուսերների ազդեցությունը…
«… Այսօր պրոդյուսերական դիկտատի ժամանակաշրջան է։ Բայց իմ բախտը բերել է, ես չգիտեմ, թե ինչ է պահանջարկ հասկացությունը։ Իմ սցենարների վրա պրոդյուսերներն ազդել չեն կարող, անհնարին է։
Ես չեմ փոխվել անգամ սովետական շրջանում։ Մենք Վադիմ Աբդրաշիդովի հետ առավելություն ունեինք այդ առումով: Կային ֆիլմեր, որոնք դժվար էին ընդունվում, օրինակ «Աղվեսների որսը», «Մոլորակների շքերթը»։ Ճնշումներ լինում էին, իհարկե, բայց պետք է ասել, որ խմբագրակազմն այն ժամանակ այնքան դաժան չէր, որովհետև նրանք փող չէին ստանում մասնավոր անձից՝ իրենց տեր ու տիրական համարող պրոդյուսերներից։ Փողը պետական էր, և դա շատ հարմարավետ էր արվեստագետի գործունեության համար։
Իսկ այսօր, այդ տեսակետից շատ դժվար է։ Երբ դու գրում ես սցենար, պետք է ներկայացնես պրոդյուսերին, հետո որևէ ալիքի խմբագրություն՝ շատ հաճախ ստանալու համար ոչ պրոֆեսիոնալ գնահատական։ Այդ պատճառով երիտասարդների համար շատ դժվար է ճանապարհ հարթել։
Իմ դեպքում այլ է։ Շատերը հասկանում են, որ այս մարդուն այդքան էլ հեշտ չէ կոտրելը, և չեն ուզում հետս գործ ունենալ։ Ունեմ լավ պրոդյուսեր՝ Լիզա Անտոնովան, ես ինքս էլ երբեմն փորձում եմ գումարներ հայթայթել։ Ռուսաստանում պրոդյուսերությունը դեռ կայացման շրջանում է:
Սցենարիստը ֆիլմի գլխավոր ուղեղային կենտրոնն է, և այս մտայնությունը, հուսով եմ, շուտով գերիշխող կդառնա…»։
Գրական-գեղարվեստական սցենար, թե՞ վիզուալ արձակ…
«…Բաղադրատոմսեր չկան: Կար ռուսական սցենարների ավանդույթ, որ գրվում էր գեղարվեստական արձակով։ Մեծ տեղ էր տրվում ռեմարկին (նշագրմանը), ինչը շատ կարևոր էր։ Օրինակ, հանրահայտ Օլեգ Բորիսովն ասում էր. «Հանկարծ չմտածես կրճատել ռեմարկները, ես այդպես ավելի լավ եմ զգում նյութը»: Ես հիմա էլ սցենարը գրում եմ որպես գրական երկ։ Այդ ռեմարկային, ազատ գրառումերը, որտեղ կան դրամատուրգիական երկաթյա կառուցվածքներ, շատ կարևոր են։
Պետք է անել այն, ինչը քեզ հետաքրքրիր է և կարող է հետաքրքրել նաև ուրիշներին։
Եթե ես դասավանդեի, կասեի՝ դիտեք Ֆելինիի «Սատիրիկոն» ֆիլմը, հետո թղթին հանձնեք ֆիլմի նկարագրությունն ըստ կադրերի, և դուք կտեսնեք, որ ստացվեց արձակ գործ…»:
Ավելին՝ thearmenians.am

















