Մեր պապին. հենց այսպես էին Երվանդ Ղազանչյանին դիմում իր հարազատ թատրոնում: Դերասան Արթուր Կարապետյանը ասում է, որ չնայած չէր սիրում, երբ իրեն այդպես էինք դիմում, բայց ամեն անգամ լսելիս միշտ մեղմ ժպտում էր:«Ինքը միշտ ասում էր, որ անփոխարինելի ոչ-ոք չկա, բայց կան անկրկնելի մարդիկ: Ինքը մեր թատրոնի համար անկրկնելի էր: Եթե փորձի ժամանակ ինքը ինչ -որ մեկի վրա բարկանում էր, ավելի լավ է այդ մարդը թատրոն չմտներ, բայց դա տևում էր ընդամենը մի քանի վայրկյան, հաջորդ պահին մոռանում էր, ոնց որ ոչինչ չէր եղել»:
2 օր առաջ էր եկել թատրոն, ցանկանում էր նոր գործ բեմադրել: Հանձնարարականը տրված էր, բայց մնաց դարակում:
Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասում է՝ Կոմեդիայի թատրոնը ասոցացվում էր հենց Ղազանչյան անվան հետ, ու այսօր դժվար է հավատալ, որ նրա հումորներն ու ժպիտը այլևս չեն հնչելու այս պատերի ներքո: Նա հումորի մեծ վարպետ էր, անգամ դիտողությունն էր այնպես անում, որ դիմացինը շնորհակալություն էր հայտնում: Նա մեծ հայ էր, ում համար ազգայինը վեր էր ամեն ինչից:
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

















