Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում: Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշումը ընդունվեց 47 կողմ և 1 ձեռնպահ ձայնով։
Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երեւանում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, ինչը, սակայն, չէր արվել։