Լրահոս 24/7

Երբ Թուրքիան մղվում է դեպի Պակիստան

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Էբրահիմ Ռեզային Հռոմում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլի արդյունքներից լավատես չէ: «Մենք առայժմ հույսեր չունենք, քանի որ ամերիկյան կողմը պնդում է «զրոյական հարստացման» սկզբունքը (խոսքը վերաբերում է ուրանի հարստացման ծրագրի լիակատար դադարեցման ամերիկյան պահանջին), եւ ես գիտեմ, որ Իրանի իսլամական հանրապետությունը դրան երբեք չի համաձայնի»,-հայտարարել է նա եւ հավելել, որ հիասթափված է, չի կարծում, թե գործարքը կկայանա: «Մենք պատրաստվում ենք «Բ» պլանի»,- եզրափակել է իրանցի խորհրդարանականը:

Հղելով ամերիկյան մամուլին՝ «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ Հռոմի բանակցություններում կողմերը համաձայնել են աշխատել «միջանկյալ հուշագիր», որը կամրագրի Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելու պարտավորությունը, ինչի դիմաց ԱՄՆ-ը կմեղմացնի պատժամիջոցները: Աղբյուրներն ասել են, որ «տեխնիկական խնդիրների հետ կապված՝ նման փաստաթուղթ մինչեւ ամառվա վերջ հազիվ թե պատրաստ լինի»:

Այս ֆոնին ուշագրավ է, որ Հռոմում Օմանի միջնորդությամբ իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլի ավարտը համընկել է Պակիստանի վարչապետ Շարիֆի Թուրքիա այցին: Ընդ որում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան ընդունել է Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում: Բանակցություններին Թուրքիայի կողմից մասնակցել են նաեւ արտաքին գործերի եւ ազգային պաշտպանության նախարարներ Ֆիդանը եւ Գյուլերը, ինչպես նաեւ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը:

Պակիստանի վարչապետը Թուրքիա է այցելել Հնդկաստանի հետ ռազմական լարվածությունից հետո: Այդ օրերին Թուրքիան հրապարակային միանշանակ աջակցություն է հայտնել Պակիստանին՝ լարվածության պատճառ համարելով «Հնդկաստանի հարձակումը»: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Թուրքիան Պակիստանին ռազմական ուղղակի օգնություն է ցուցաբերել:

Էրդողան-Շարիֆ բանակցությունները պահանջում են ավելի համակողմանի վերլուծություն՝ նկատի ունենալով, որ Պակիստանը նաեւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, կողմերն ունեն ռազմական փոխադարձ օգնության պարտավորություն: Այս պահին, սակայն, խիստ ուշագրավ է, որ Էրդողանը խոսել է Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:

Այդ նախագիծը մշակվել է 2009 թվականին, աշխատանքները դադարեցվել են 2011-ին եւ վերսկսվել Լեռնային Ղարաբաղի դեմ քառասունչորսօրյա պատերազմից հետո: 2021 թվականի դեկտեմբերին երկաթգիծը շահագործման է հանձնվել: Կարեւորելով տրանսպորտային այդ ենթակառուցվածքի արդյունավետության բարձրացումը՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ դա հնարավորություն կտա Պակիստանը կապել Եվրամիության հետ:

Հարավ-արեւելյան Ասիայում միակ երկիրը, որ ոչ պաշտոնապես միջուկային զենք ունի՝ Պակիստանն է: Միջուկային երկիր է նաեւ Հնդկաստանը: Վերջին ավելի քան երկու տասնամյակներին քննարկվել է Հնդկաստան-Իրան-Սեւ ծով հաղորդակցության հարցը: Թեեւ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել, բայց տպավորություն կա, որ այդ հաղորդուղին պետք է կամ կարող է անցնել Հայաստանով:

Խոսելով Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ հաղորդակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ Թուրքիայի նախագահը փաստացի առաջարկում է դեպի Հարավային Կովկաս Հնդկաստանի ելքը խոչընդոտելու կամ առնվազն սահմանափակելու անհրաժեշտությունից: Այս կտրվածքով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ստանում են ավելի խորքային իմաստ: Փաստացի Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լայնածավալ պատերազմը կանխվում է միջուկային զենքի գործածությունը բացառելու նպատակով: Թուրքիան ձգտում է Պակիստանի հետ ռազմավարական համագործակցությանը ներգրավել նաեւ Իրանին: Բացառված չէ, որ Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ հաղորդակցությանը միանա նաեւ Ադրբեջանը: Բայց այդ դեպքում Իրանը կամ պետք է միջուկային զենք ունենա, կամ պահպանի դրան հասնելու հնարավորությունը: Հակառակ պարագայում Իսլամական հանրապետությունը կվերածվի տրանզիտային միջանցքի՝ զրկվելով Հնդկաստանի հետ հարաբերությունների խաղաքարտից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

6 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

25 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

36 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

55 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago