Լրահոս 24/7
21.04.2026

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը CivilNet-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 2025 թվականից շրջանառության հարկի բարձրացմանը, հայտարարել է․ «Հայաստանում տարեկան 3000 ընկերություն է փակվում՝ շուրջ 10․000 աշխատողով» (նկատի ունի գործունեությունը դադարեցրած ու սկսած ընկերությունների բալանսը-հեղ․)։

Հաղորդավարի դիտարկմանը, որ փակվելուն զուգահեռ նաև նոր կազմակերպություններ են բացվում, Ն․ Կարապետյանն արձագանքել է՝ իր ներկայացրած թվերը վերաբերում են հենց բալանսին՝ փակվող և բացվող ընկերությունների ու աշխատատեղերի տարբերությանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կարապետյանի ներկայացրած տվյալները՝ դրանք դիտարկելով տարբեր վիճակագրական ցուցանիշների համատեքստում։

Նշենք, որ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողների համար հարկի դրույքաչափը հիմնականում տատանվում է 7-12%-ի սահմաններում՝ նախկինում գործող ավելի ցածր դրույքաչափերի փոխարեն։

Շրջանառության հարկի համակարգը կիրառվում է հիմնականում փոքր և միջին բիզնեսի շրջանում։ Օրենսգրքով սահմանված պայմանների կիրառման դեպքում հաշվարկված շրջանառության հարկի գումարից հնարավոր է նվազեցնել գործունեության հետ կապված որոշ ծախսեր։

Ինչպես են փոփոխվել խոշոր, միջին և փոքր հարկատուների ցուցանիշները

FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված (հարցազրույցից հետո ՊԵԿ ուղարկված հարցման պատասխանը ստացել ենք 30 օր հետո-խմբ․) պաշտոնական տվյալներով, ակտիվ հարկ վճարողների թիվը վերջին հինգ տարիներին կայուն աճ է գրանցել՝ 2020 թվականի 99․225-ից 2025 թվականին հասնելով 148․235-ի։

Աճի միտումը պահպանվել է բոլոր՝ խոշոր, միջին և փոքր հարկատուների շրջանում։

Վերջին 2 տարիներին գրանցված թվային ցուցանիշներն են․

  • խոշոր հարկատուներ – 2024-ին՝ 1,972, 2025-ին՝ 1․994 (աճը՝ 22)
  • միջին հարկատուներ – 2024-ին՝ 8,572, 2025-ին՝ 8,784 (աճը՝ 212)
  • փոքր հարկատուներ – 2024-ին՝ 130․609, 2025-ին՝ 137457 (աճը՝ 6․848)։

Այսպիսով, աճի առավելագույն ցուցանիշը գրանցվել է փոքր հարկատուների խմբում։

Քանի՞ կազմակերպություն է դադարեցրել գործունեությունը

2020-2025 թվականների տվյալները ցույց են տալիս, որ վերջին հինգ տարիներին գործունեությունը դադարեցրած կազմակերպությունների թիվը շարունակաբար աճել է։

Գործունեությունը դադարեցրել են՝

  • 2020 թ․ – 8․502 կազմակերպություն՝ 16․236 աշխատող
  • 2021 թ․ – 9․299 կազմակերպություն՝ 15․081 աշխատող
  • 2022 թ․ – 11․545 կազմակերպություն՝ 19․700 աշխատող
  • 2023 թ․ – 14․171 կազմակերպություն՝ 26․736 աշխատող
  • 2024 թ․ – 16․653 կազմակերպություն՝ 23․557 աշխատող
  • 2025 թ․ – 22․091 կազմակերպություն՝ 33․466 աշխատող։

Վերջին երկու տարիների համեմատությամբ՝ 2025 թվականին գործունեությունը դադարեցրած կազմակերպությունների թիվն աճել է 5․438-ով, ինչը նախորդ տարիներին գրանցված աճի ցուցանիշի համեմատ զգալիորեն  բարձր է։

Ինչ վերաբերում է աշխատողների թվին, ապա 2024-2025 թվականների համեմատությամբ՝ գործունեությունը դադարեցրած կազմակերպություններում աշխատանքը կորցրած անձանց թիվն աճել է 9․909-ով, ինչը նույնպես գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։

Քանի՞ կազմակերպություն է սկսել կամ վերսկսել գործունեությունը

2020-2025 թվականներին գործունեություն սկսած կամ վերսկսած կազմակերպությունների թիվն աճել է ավելի արագ տեմպերով, քան դադարեցրածներինը։

Գործունեություն սկսել կամ վերսկսել են՝

  • 2020 թ․ – 17․707 կազմակերպություն՝ 38․215 աշխատող
  • 2021 թ․ – 19․473 կազմակերպություն՝ 37․135 աշխատող
  • 2022 թ․ – 28․341 կազմակերպություն՝ 53․188 աշխատող
  • 2023 թ․ – 26․693 կազմակերպություն՝ 47․727 աշխատող
  • 2024 թ․ – 26․766 կազմակերպություն՝ 46․729 աշխատող
  • 2025 թ․ – 32․021 կազմակերպություն՝ 53․062 աշխատող:

Վերջին երկու տարիների համեմատությամբ՝ 2025-ին գործունեությունը սկսած կամ վերսկսած կազմակերպությունների թիվը եղել է 5255-ով ավելի, քան 2024 թ․-ին։ Բացված կազմակերպություններում աշխատանքի անցածների թիվը գերազանցել է 2024 թ․-ի ցուցանիշը 6333-ով։  

Գործունեությունը դադարեցրած ու սկսած կազմակերպությունների համամասնությունը

Եթե համադրենք 2020-2025 թվականների տվյալները, ստացվում է, որ գործունեությունը դադարեցրած և սկսած / վերսկսած կազմակերպությունների միջև առկա է դրական բալանս։

Նշված ժամանակահատվածում գործունեությունը դադարեցրել է 82․261 կազմակերպություն, մինչդեռ սկսել կամ վերսկսել է 150․001-ը։ Արդյունքում՝ բալանսը կազմում է +67․740 կազմակերպություն։

Աշխատաշուկայի առումով ևս պատկերը դրական է․ աշխատանքը կորցրել է 134.776 մարդ, մինչդեռ աշխատանքի է անցել 276․056 մարդ, այսինքն՝ 141․280-ով ավելի։

Եթե այս տվյալները դիտարկենք Նարեկ Կարապետյանի պնդման համատեքստում, ապա 2025 թվականի պատկերը հետևյալն է․ գործունեությունը դադարեցրել է 22․091 կազմակերպություն, իսկ սկսել կամ վերսկսել՝ 32․021-ը։ Այսինքն՝ բացված կազմակերպությունները գերազանցել են փակվածներին 9․930-ով։

Նույն միտումը նկատվում է նաև աշխատաշուկայում․ աշխատանքի անցածների թիվը 19․596-ով ավելի է, քան աշխատանքը կորցրածներինը։

Միևնույն ժամանակ, 2024 և 2025 թվականների տվյալները ցույց են տալիս, որ երկու տարիներին էլ բացված կազմակերպությունները մոտ 10․000-ով գերազանցել են փակվածներին։ Աշխատաշուկայում տարբերությունը կազմել է շուրջ 23․000՝ 2024-ին և 19․600՝ 2025-ին՝ հօգուտ աշխատանքի անցածների։

Այսպիսով, 2024-2025 թվականներին թվաճի առավել բարձր ցուցանիշը գրանցվել է փոքր հարկատուների խմբում, երկու տարիներին էլ բացված կազմակերպությունները շուրջ 10․000-ով գերազանցել են փակվածներին, իսկ աշխատանքի անցածների թիվը զգալիորեն գերազանցել է աշխատանքը կորցրածների թվին, թեև 2025-ին այդ տարբերությունը որոշ չափով նվազել է։

Ուստի, Նարեկ Կարապետյանի պնդումը, թե «Հայաստանում տարեկան 3000 ընկերություն է փակվում՝ շուրջ 10․000 աշխատողով», չի համապատասխանում ՊԵԿ-ի ներկայացրած պաշտոնական տվյալներին։

Նյութի աղբյուրը` «Փաստերի ստուգման հարթակ»։

Լրահոս
Մեր քվեները գողացել են․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում
11:15
Մեր քվեները գողացել են․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
11:12
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել․ ՍԴ նախագահ
11:08
Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել․ ՍԴ նախագահ
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
11:01
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
21:26
Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
21:23
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
17:02
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
16:37
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
16:22
Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
16:10
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
15:40
Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
Լուկաշենկոն Սի Ցզինպինին խնդրել է ազդել Պուտինի վրա՝ դադարեցնելու պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու պահանջը
15:21
Լուկաշենկոն Սի Ցզինպինին խնդրել է ազդել Պուտինի վրա՝ դադարեցնելու պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու պահանջը
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
14:59
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Վառելիքային ճգնաժամ՝ Ռուսաստանում
14:12
Վառելիքային ճգնաժամ՝ Ռուսաստանում
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
13:46
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով