Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Հայաստանի քաղաքացիների մեծ մասը չգիտի, գուցե պարտավոր չէ իմանալ, բայց Անկախության հռչակագրի պահապան քաղաքական ուժերը, նրանց առաջնորդները ստույգ գիտեն, որ 1991թ․ սեպտեմբերի 25-ին Գերագույն խորհուրդը ընդունել է “Անկախ պետականության հիմնադրույթների մասին” սահմանադրական օրենք, որը Անկախության հռչակագրին հղում չունի։ Այսինքն, այդ օրենքով Հայաստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղը միավորելուց եւ ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելուց։ Իսկ թե Անկախության հռչակագրին հղումը ինչպե՞ս է սահմանադրության նախաբանում տեղ գտել, այլ խոսակցության թեմա է։ Այնպես որ, Փաշինյանի “չորրորդ հանրապետությունը” այդ սահմանադրական օրենքով սահմանված Հայաստանն է։ Օրենքը տեղադրում եմ․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` հանրաքվեով և ներկայացուցչական մարմինների միջոցով:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրականացնում է օրենսդիր իշխանությունը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին օրենքով սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնական անձը Հայաստանի Հանրապետության նախագահն է, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների համակարգը, իրավասությունների շրջանակը և փոխհարաբերության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների կազմավորման կարգը, իրավասությունները, գործունեության սկզբունքները և փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը հողը, ընդերքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը նրա ժողովրդի սեփականությունն է: Հայաստանի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում նրա տարածքի վրա գտնվող նախկին միութենական և միութենական-հանրապետական ենթակայության գերատեսչությունների բոլոր օբյեկտները: Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտայի ֆոնդերի մասնաբաժնի իրավունք, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքում են դրանք գտնվում:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում օրենքով ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը և սեփականության բոլոր ձևերի իրավահավասարությունը:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ազատ ձեռներեցությունը և պայմաններ է ստեղծում նրա զարգացման համար:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հոգատարության ներքո:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ մտնելու և քաղաքացիությունը կորցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավահավասար են և հավասար իրավունքներով են մասնակցում պետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը պետության և ժողովրդի հիմնական խնդիրներից մեկն է և դրա իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է զինված ուժեր, ազգային անվտանգության մարմիններ և հայտարարում է ընդհանուր զինապարտություն:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն է:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ ղեկավարվում է միջազգային իրավական ակտերով և այլ պետությունների հետ իր փոխհարաբերությունները կարգավորում է միջպետական համաձայնագրերի հիման վրա:
Հոդված 14. Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնուրույն ֆինանսավարկային քաղաքականություն և այդ կապակցությամբ կազմակերպում է անկախ պետական բանկային և վարկային մարմիններ, հիմնում ազգային դրամ:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության, մշակույթի և լրատվության ինքնուրույն համակարգ:
Հոդված 16. Մինչև Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը գործող սահմանադրությունն ու օրենքները գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին և «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի հիման վրա ընդունված օրենսդրական ակտերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
25 սեպտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0405-1















