Թիվ 1-ի զրուցակիցը մոսկվաբնակ ճանաչված հոգեբան Զառա Հարությունյանն է։
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ֆեմինիզմը պետք է բոլորին, այլ ոչ միայն կանանց։ Կներկայացնե՞ք ձեր պատկերացումները ֆեմինիզմի մասին և ըստ ձեզ ինչու՞ է այն հաճախ կարծրատիպերով ընկալվում մեր հասարակության կողմից։
Ֆեմինիզմը պետք է բոլորին, քանի որ իմ կարծիքով այն առաջին հերթին խոցելի խմբերի իրավունքների մասին է, մասնավորապես՝ կանանց, ըստ իս նաև երեխաների և ցանկացած այլ խոցելի խմբի։ Այն սերտորեն կապված է մարդու իրավունքների հետ, իսկ իմ համոզմունքն այն է, որ մարդու իրավունքները պետք են բոլորին։ Հիմնականում ֆեմինիզմի գաղափարից խուճապի մեջ են տղամարդիկ, ովքեր հայրիշխանության մտածողության կրողներն են, իսկ ֆեմինիզմը նրանց ոտքերի տակից խլում է իշխելու հենարանը։ Հայրիշխանությունը ավելի շատ ենթադրում է ավանդույթների և սովորույթների վրա հենված իշխանություն, քան տղամարդկանց գերակայություն, որովհետև շատ տղամարդիկ իրենք են տուժում հայրիշխանությունից։ Այն շատ կոշտ համակարգ է, որում վատ է բոլորի համար։ Իմ վերաբերմունքն այս հարցին պայմանավորված է իմ մասնագիտությամբ։ Ես մարդ եմ, ով գործի բերումով ականատես է լինում մարդկային ցավին, ապրումներին, որոնք ամեն մարդու մոտ անհատական են։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, բայց միևնույն է դրանց մեծ մասը ձևավորված է սոցիալական կենսակերպով։ Հաճախ եմ հանդիպում կանանց, որոնք տառապում են հայրիշխանության պատճառով իրենց ուսերին ընկած պատասխանատվության բեռից։ Կինը միշտ պարտավոր է։ Պարտավոր է լինել հնազանդ, պարտավոր է լինել հարմար, լինել գեղեցիկ, պարտավոր է լինել լսող, պարտավոր է, պարտավոր է ․․․Մեր հայկական միջավայրում, ծնված օրվանից աղջիկը անվերջ պարտավոր է։ Ոչ պակաս բեռ է ընկած նաև տղամարդկանց վրա։ Նրանք պիտի լինեն խիզախ, նրանք պիտի լինեն ուժեղ, պիտի չլացեն, պիտի շատ փող բերեն տուն, նրանք պիտի հենարան լինեն։ Այդ բեռը ճնշում է տղամարդկանց։ Դա հոգեբանական երևույթ է, որը կոչվում է «տոքսիկ առնականություն», ինչը իրենից ենթադրում է մի հիմար «ալֆա-արույի» կերպար, որը պարծենում է նվաճած կանանց քանակով։
Ֆեմինիզմի իմ գաղափարն այն է, որ բոլորը՝ կին թե տղամարդ, մարդ են։ Եվ նրանք շատ տարբեր են։ Եթե նայենք, կտեսնենք, որ թե Եվրոպայում, թե նույնիսկ Մոսկվայում վերջին տարիներին տղամարդկանց «տոքսիկ առնականության» գաղափարը նահանջում է։ Ժամանակակից աշխարհում ի հայտ է գալիս տղամարդու՝ մարդկային կերպարը, օրինակ բոլոր այն IT հանճարները, տեխնոհսկաները, որոնց ամբողջ աշխարհը գիտի։ Նրանք նորմալ մարդիկ են, ովքեր իրենց կնոջ հետ միասին ընթրիք են պատրաստում, մարդիկ են, որոնց կանայք մոդելային արտաքին չունեն, ինչն առաջացնում է հայրիշխանական համակարգի կանանց զարմանքը․ նրանք մտածում են, թե ինչպե՞ս է ամենահարուստ մարդկանցից մեկն ամուսնացել այսքան տգեղ ու աղքատ աղջա հետ, դեռ մի բան էլ միասին ապուր են սարքում, ու՞ր է գլորվում աշխարհը։ Իսկ աշխարհը գնում է ճիշտ ուղղությամբ։

Շատ բաներ պայմանավորված են տնտեսությամբ։ Նախկինում կանայք զրկված էին աշխատելու, նորմալ գումար վաստակելու հնարավորությունից և հիմնականում վատ ապրող ընտանիքներում ընդունված էր տան աղջկան ամուսնացնել որևէ հարուստ տղայի հետ։ Այսօր հայրիշխանության գաղափարի անկումը հենց տնտեսության վրա է հիմնված։ Շնորհակալություն 20-րդ դարասկզբի ֆեմինիստ աղջիկներին, որ կանայք կրթություն ստանալու, աշխատելու, կարիերա կառուցելու և այլնի հնարավորություն ունեն մինչ օրս։ Հենց սա է դրդում, որ շատ ու շատ աղջիկներ հրաժարվում են ապրել հայրիշխանության կանոններով, որովհետև այդ ամենը նրանց չի գոհացնում։ Եկեք մտնենք Հայաստանում ցանկացած բազմաբնակարան շենք։ Կտեսնենք կանանց, ովքեր միաժամանակ երկու տեղ են աշխատում և ողջ օրը բազմոցին փռված տղամարդկանց, ովքեր երեկոյան դժգոհում են ճաշից։ Նրանք միշտ դժգոհ են, որովհետև չեն աշխատում, իսկ չեն աշխատում, քանի որ տղամարդկանց գենդերային կարծրատիպերի համաձայն նրանք ամեն աշխատանքի չեն համաձայնվում։ Նրանց մոտ նույնպես լուրջ դեպրեսիա է՝ չկայացած կյանքով պայմանավորված, որովհետև նրանք պիտի ունենային բարձր վարձատրվող լավ աշխատանք, իսկ պայմանական ամսական 100․000 դրամով որևէ տեղ չեն աշխատի։ Նրանք նստած սպասում են, որ «հեսա մի բան կկպնի»։ Հայրիշխանության գաղափարը չի ներում տղամարդկանց, ովքեր կարող են ամիսը 70 հազար դրամով աշխատել փոստային ծառայությունում, իսկ կանանց դա ներելի է, թույլատրելի է։
Տնտեսական ճգնաժամն ազդում է այդ տղամարդկանց վրա ու նրանք, ոչինչ չանելով, սկսում են բղավել երեխաների ու կանանց վրա։ Տեսեք թե այժմ որքան հարբեցողներ, թմրամոլներ ու խաղամոլներ կան Հայաստանում, առաջ այս երևութը տարածված չէր։ Սա հայրիշխանության մեծ դեպրեսիան է։ Նրանք գիտակցում են իրենց չկայացած կյանքի փաստը և գնում են կործանման ճանապարհով։ Փոխանակ հասկանան, որ ոչինչ, եթե աշխատանքում հաջողության հասնել չեն կարողացել, կարող են հոգ տանել ընտանիքի մասին, տան գործերով զբաղվեն, երեխաներով զբաղվեն, օգնեն կնոջը։
Եթե նայենք ավելի զարգացած երկրների օրինակին, քան Հայաստանն է, դեպքերի 80%-ում կանայք են դիմում ամուսնալուծության համար։ Հայաստանում նույնպես քիչ-քիչ փոփոխություններ են տեղի ունենում այդ առումով։ Կանայք հասկանում են, որ տղամարդու այն կերպարը, որը իբր պիտի պաշտպանի, թև ու թիկունք լինի իրենց, ոչ միայն չկա, այլև շատ դեպքերում հենց ինքն է բռնության ենթարկում։ Հայաստանում նույնպես մեծ է ընտանեկան բռնությունների դեպքերի թիվը։ Երբ ես ասում եմ, որ ֆեմինիզմը լավ երևույթ է, ես հանդես եմ գալիս հանուն լավ ու երջանիկ ընտանիքի։ Ընտանիքի, որը հիմնված է փոխադարձ հարգանքի ու միմյանց հասկանալու վրա, իսկ հայրիշխանությունն ասում է՝ ամենակարևորն այն է, որ ունես ամուսին։ Թե ինչպիսին է նա, էական չէ, կարևորը դու ամուսնացած ես և ունես սոցիալական կապիտալ։ Ինձ համար ընտանիքը սա չէ։ Ընտանիքն այն տեղն է, որտեղ մարդիկ իրենց լավ են զգում, միմյանց օգնում են։ Եվ այո, եթե ստացվել է այնպես, որ կինդ կայացել է մասնագիտության մեջ ու լավ է վաստակում, համակերպվիր դրա հետ և, եթե իսկապես սիրում ես կնոջդ, տան աշխատանքների բեռը վերցրու քո վրա, ազատվիր «տոքսիկ առնականության» բարդույթներից, զերծ մնա «ես եմ տան տղամարդը» արտահայտությունից ու եղիր լավ օգնական։ Այդ դեպքում կունենաք երջանիկ ընտանիք։ Դուք իրար հետ ընկերներ կլինեք, կկիսեք պարտականությունները և երեխաները կմեծանան լավ միջավայրում։ Երբ երեխան տեսնում է,թե ինչպես է ամբողջ օրը բազմոցին պառկած ու ոչինչ չանող հայրը բղավում երեկոյան աշխատանքից վերադարձող կնոջ վրա՝ «Բորշը ու՞ր ա» կամ «Երեխեն ինչի՞ դասերը չի արել, ինչո՞վ ես զբաղված, ու՞ր ես ամբողջ օրը», նման ընտանիքում երեխան չի կարող երջանիկ մեծանալ, նա չի կարող առողջ մեծանալ, քանի որ չի տեսնում մարդկային բարություն։ Բարեբախտաբար այս կառուցվածքը կոտրվում է։

Վերջին երկու տարիներին ես Հայաստանում նկատել եմ մեծաթիվ տղաների, ովքեր առանց կնոջ, մանկասայլակով երեխային հանում են զբոսանքի։ Նրանք կարողանում են երեխաների հետ խոսել, զբաղվել նրանցով։ Նախկինում էլ եմ Երևանում տեսել երեխաներով տղամարդկանց, բայց դեմքի այնպիսի արտահայտությամբ, ասես ցմահ բանտարկության են դատապարտվել։ Ինձ մոտ հոգեբանական սեանսների հաճախող հայ տղամարդկանց մեծ մասի մոտ կա խնդիր, որ երեխաները ավելի շատ մոր հետ են կապված, դժվար են իրենց հետ հաղորդակցվում։ Պատճառն այն է, որ երեխաներին միշտ վախեցնում են հայրերով՝ «Խելոք մնա թե չէ պապային կասեմ» ու հայրը մանկուց վերածվում է տան ոստիկանի։ Ես չեմ հավատում, որ նման ընտանիքը կարող է երջանիկ լինել։ Երջանիկ ընտանիքը նման է լավ աշխատող կոլեկտիվի։ Ո՞վ է սիրում այն ղեկավարին, որը օրվա վերջում հայտնվում է գրասենյակում, բղավում աշխատողների վրա, վիրավորում նրանց և չի ուզում վճարի աշխատավարձերը։ Լավ ղեկավարը նա է, ով, այո, իշխանական սանդղակում իր կարգավիճակով ավելի բարձր դիրք է զբաղեցնում, բայց մտածում ու հոգ է տանում իր ենթակաների մասին։
Ֆեմինիզմը հորիզոնականության մասին է, այն մասին է, որ մենք մի ընտանիք ենք ու պիտի իրար օգնենք, չէ որ մենք հայտարարել ենք, որ սիրում ենք իրար, իսկ սերն իր մեջ անպայման պետք է ներառի հարգանք։ Առանց հարգանքի ամեն ինչ սուտ է, ուրեմն չկա սեր։ Եթե դու սիրում ես քո կողքին գտնվող մարդուն, դու նրան չես վերածի խոհարարի, մաքրուհու ու ինչ-որ ինկուբատորի։ Զզվում եմ այն արտահայտություններից, որ ասում են կնոջ տեղը խոհանոցում է, հանրության մեջ նա պիտի լինի լավ երևացող, անկողնում՝ մարմավաճառ ։ Կինը պիտի մարդ լինի, որին սիրում ես, ով ինքն է քեզ սիրում, ում հետ որոշել ես միասին ապրել այս բարդ կյանքի ընթացքում։ «Ընտանիքն իմ ամրոցն է» գաղափարը հենց սրանում է կայանում։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անընդհատ ինչ-որ բաներ են կատարվում, որոնք մենք չենք կարող փոխել, մեզ համար շատ դժվար է ապրելը, բայց նաև գիտենք, որ տունն այն վայրն է, այն ամրոցն է, որտեղ վերադառնալով մենք մեզ լիարժեք ու երջանիկ կզգանք։
– Դուք մարդ եք, ով նույնպես ընտանեկան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ Մեր հասարակությունում ընդունված է մտածել, որ մեր գործը չէ, թե ինչ է կատարվում հարևանի տանը։ Բռնության ենթարկված շատ կանայք էլ լռում են այդ մասին։ Սակայն Հայաստանում վերջերս ընտանեկան բռնության սարսափելի դեպքեր տեղի ունեցան և տարբեր մասնագետների գնահատականով դրանք ողբերգական ավարտ չէին ունենա, եթե հասարակությունը, քաղաքացիները անտարբեր չլինեին։ Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ։
Պետք է հումանիզացվել, պարզապես դառնալ ավելի մարդկային։ Սա բազմաշերտ խնդիր է։ Առաջին հերթին անհրաժեշտ է զերծ մնալ այն դաժանությունից, որ հաճախ ուղեկցվում է հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնություններով և որին չգիտես ինչու անվանում են ավանդական ընտանիք։ Կոպիտ ասած մենք պետք է նկարենք լավ ընտանիքի դիմանկարը, այն ընտանիքի, որտեղ հոգ են տանում միմյանց մասին, այլ ոչ թե այն ընտանիքի, որտեղ կա ամուսին։ Հասարակությունը պետք է տարբերվի գաղութային հարաբերություններից։ Առաջին հերթին պետք սկսել ընտանիքում մարդ լինելուց։ Եթե դու քո ընտանիքում մարդ ես, ապա ուրիշի ցավի կողքով անտարբեր չես անցնի։ Եթե դու բարի ես, դու չես կարող անտեսել սարսափելի դեպքերը, որոնք պատահում են այն պատճառով, որ հասարակությունը մտածում է պետք չէ վիճաբանությունը տանից դուրս հանել։ «Իմ գործը չի» ասելը շատ վատ է։ Ինձ մոտ գալիս էր մի մայր, ում աղջկան ամուսինը ծեծում էր։ Նա ասում էր «Ախր ես ո՞նց խառնվեմ», ես էլ պատասխանեցի «Չէ որ նա քո երեխան է, գրողը տանի, հետո ի՞նչ որ ամուսնացրել ես, նա առարկա չի, քո աղջիկն է»։ Ես նրա հետ խոսակցություններ տարա, նա ամեն ինչ հասկացավ, սկզբում լաց եղավ, իսկ հետո գնաց աղջկան պաշտպանելու։ Ինչպե՞ս կարող ենք մենք հիմա խոսել ընդհանուր առմամբ հասարակության մասին, եթե անգամ հարազատ հայ մայրը, ով խելագարվում է իր երեխայի համար, իսկ մենք երեխայապաշտ ազգ ենք, ասում է «Իմ ինչ գործն է, թող լեզու գտնի ամուսնու հետ»։ Ես ապշում եմ ուղղակի, աղջիկդ քեզ մոտ է գալիս ամբողջությամբ կապտուկներով ու դու մա՞յր ես։ Հենց այստեղից պետք է սկսել։

Հասարակությունը մեզանից յուրաքանչյուրն է։ Երբ փողոցով քայլում եք և տեսնում եք, որ տղամարդը կնոջն է ծեծում կամ մայրը երեխային է խփում, կանգնեցրեք, որովհետև մենք մարդ ենք, որովհետև հենց «դա իմ գործը չէ» դիրքորոշման պատճառով է, որ ընտանեկան բռնություններն աճում են։ Ռուսաստանում, ըստ վիճակագրական տվյալների, կանանց 80%-ը ազատազրկված է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կամ ամուսնուն սպանելու համար։ Նրանք այն կանայք են, ովքեր սպանել են իրենց զուգընկերոջը, վերջինիս կողմից տարիներ շարունակ ծեծվելու պատճառով։ Հայաստանում ավելի հաճախ ընտանեկան բռնության ենթարկված կանայք գնում են ինքնասպանության։ Այդ մասին մանրամասնորեն պատմում է Նարինե Աբգարյանը իր հայրենի գյուղի՝ Բերդի մասին։ Բոլոր տներում, բոլոր գյուղերում ու քաղաքներում, նույնիսկ Երևանում տարածված էր մի արտահայտություն․ «Այսինչի հարսը ժավել ա խմել»։ Ժավել խմելը սովետական ժամանակներում ինքնասպանության ամենակարճ ճանապարհն էր։ Եվ այն բանից հետո, երբ հարսը ժավել խմելուց չէր մահանում, նրան բերում էին տուն, հարևանը, մայրը, հայրը, քույրը, եղբայրը չէին հարցնում,թե ինչու՞ է ժավել խմել, ի՞նչ է պատահել։ Այս համատարած անտարբերությունն ու կոշտ հայրիշխանությունը ցավալի է, անմարդկային է։ Դեռ մի բան էլ ամոթանքի է արժանանում։ Ի՞նչ է նշանակում՝ թող ամուսնու հետ լեզու գտնի, իսկ եթե չի գտնու՞մ։ Ռուսաստանում շատ ճիշտ են անում, վերցնում են դանակն ու բռնարարի հարցերը լուծում են, ինչպես Խաչատուրյան քույրերն արեցին։ Քեզ պարզապես այլ ելք չեն թողնում։ Ես ամենա-ամենա աթեիստներից եմ, բայց կարծում եմ, որ անում եմ այն, ինչ պիտի հոգևորականներն անեին։ Մարդ եղեք, բարի եղեք, մարդկային եղեք։ Հայրիշխանության հակակշիռը բարությունն է, որովհետև ոչ մի բարի տղամարդ երբեք իր կնոջ հետ նման կերպ չի վարվի։ Պետք է իշխի հումանիզմը։

Ես միշտ զարմանում եմ, թե ինչու՞ թանկանոց վզնոցներով սքեմավորներն այս ամենի մասին չեն խոսում, այնինչ հենց իրենք պետք է խոսեն այս մասին, հենց հայկական եկեղեցին, որտեղ աղոթում է հայ ժողովուրդը։ Երբ տեղի ունեցավ Խաչատուրյանների դեպքը, ես բազմաթիվ հայկական եկեղեցիների դռներ եմ թակել թե Հայաստանում, թե Ռուսաստանում։ Ես խնդրում էի, ասում էի ելույթ ունեցեք ու ասեք, որ մենք այդպիսին չենք, կանգնեք քույրերի կողքին, որովհետև այն, ինչ նրանց հետ է կատարվել, վայրենություն է։ Ոչ մի հայ հոգևորական չարձագանքեց, սա անմարդկային դիրքորոշում է և եթե այս ամենի մեջ քրիստոնեական գեթ ինչ-որ չնչին բան կա, ուրեմն նման քրիստոնեություն ոչ ոքի պետք չէ։ Նրանք ասում էին, որ կատարվածը հայավարի չէ, աղջիկներն էլ ՌԴ-ի քաղաքացիներ են։ Ցանկացած բարի մարդ կասի, որ քույրերը իսկական դժոխքում էին ապրում, իսկ եկեղեցու ներկայացուցիչները, որ Միխայիլ Խաչատուրյանից «փեշով փողեր» էին ստանում պիտի ամոթից մեռնեին։ Ոչ թե ես՝ Զառա Հարությունյանս, այլ նրանք պիտի առաջինը վազեին ռուսական ալիքներ ու խոսեին մարդկային բարության մասին, ասեին, որ հայերը սիրում են իրենց երեխաներին, որ հայերը նման կերպ չեն վարվում իրենց երեխաների հետ։ Առաջինը նրանք պիտի ազգի պատիվը բարձր պահեին։ Նրանք մեծ նվիրատվություններ էին ստանում Խաչատուրյանների հորից, այդտեղ ոչ մի վատ բան չկա, մենք բոլորս մարդ ենք մեր սխալներով հանդերձ, մենք շփվում ենք, նվերներ ենք վերցնում չիմանալով, որ այդ նույն մարդը վերադառնում է տուն ու գիշերով քրիստոնյա նորածնի արյուն է խմում։ Խիզախությունը սխալներն ընդունելու մեջ է։ Հայ Առաքելական եկեղեցին պիտի հայտարարեր, որ տարիներ շարունակ նվիրատվություններ է ստացել Միխայիլ Խաչատուրյանից, չճանաչելով նրա իրական կերպարը և հիմա պատրաստ է իր վրա վերցնելու քույրերի փաստաբանական ծառայության ֆինանասական ծախսերը, բնակարան վարձեր նրանց համար, ի վերջո հետ վերադարձներ այն գումարը, որ տարիներ շարունակ ստանում էր հրեշից։ Եթե դու հոգևորական ես ու տեսնում ես, որ քո մոտ կոպիտ տղամարդ է գալիս իր ճնշված կնոջ հետ, խոսիր նրա հետ։ Քեզ մոտ գալիս են ամուսնանալու և աղջիկն ամբողջությամբ կապտուկների մեջ է, ինչու՞ չես կանգնեցնում այդ ամենն ու հարցնում, ի՞նչ է պատահել աղջիկ ջան։ Ի՞նչ կապ ունի, դու հայրիշխանության կրո՞ղն ես, թե ֆեմինիստ ես։ Այո,ես ֆեմինիստ եմ, բայց նախ և առաջ մենք բոլորս մարդ ենք։ Չեմ կարծում, որ քրիստոնեութունից փոքր ինչ բան հասկացած հոգևորականը՝ (ոչ նրանք, ովքեր միայն ոսկի կուտակելու ու շքեղ տներ կառուցելու մասին են մտածում), իրական հոգևորականը կպսակի ծեծված ու կապտուկներով աղջկան։
Եթե տեսնում ես փողոցում իրար են ծեծում անտարբեր մի անցիր, ես ինքս քանիցս խառնվել եմ տղամարդանց կռիվներին, երբ 5 հոգով հարձակվում են մեկի վրա։ Բնության մեջ այդպես է, ավելի ուժեղները միշտ ճնշում են իրենցից ավելի թույլերին։ Ես կռվել ընդհանրապես չգիտեմ, ես աղմուկ եմ բարձրացնում, ոստիկանություն եմ կանչում, փորձում եմ կանգնեցնել այդ վայրենությունները։ Մենք պետք է այդպես վարվենք։ Մի անգամ հենց Երևանի կենտրոնում կանգնեցրի մի տղամարդու, ով կնոջն էր ծեծում։ Նա ինձ պատասխանեց, որ իր կինն է, ինչ կուզի կանի։ Ինչպե՞ս կարելի է մարդու հետ վարվել, ինպես առարկայի հետ։ Ցավալի է, բայց շատ կանանց մտածելակերպն էլ հենց այդպես է։ Նրանք մտածում են, որ եթե ամուսինն է, ուրեմն ամեն ինչ կարող է անել։ Կան կանայք, ում դուր չի գալիս այս ամենը, բայց նրանք չեն կարող պաշտպանվել։ Մենք ֆիզիկապես թույլ ենք, ես երբեք մարդու խփած չկամ, նույնիսկ երեխաներիս երբևէ դաստիարակչական ապտակներ չեմ հասցրել։ Կանայք, ապրելով վախերի մեջ, վաղուց արդեն համակերպվել են, նրանք չեն դիմի ոստիկանություն, իսկ եթե ուզում ենք, որ կինը պաշտպանի ինքն իրեն, նա նախ և առաջ հասարակության կողմից պետք է պաշտպանվածություն զգա։ Երեխաները փոքրուց պիտի իմանան, որ հասարակությունն իրենց կողմից է, իմանան որտեղ կարելի է բողոքել, ում կարելի է դիմել, եթե ծնողներն իրենց ծեծում են, եթե նրանց չեն կերակրում, որպես պատիժ՝ տնային կալանքի տակ են պահում։ Ցավոք սրտի բարության հասնելու ճանապարհը իրավական է։ Մարդիկ պետք է իմանան, որ իրենց կպաշտպանեն, իսկ եթե նրանք ամեն անգամ լսում են «Իմ գործը չի», հանգում ենք այն հետևանքներին, ինչ ունենաք այսօր։

– Ամիսներ առաջ Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց դեռևս տարիներ առաջ ստորագրված Լանզարոտի կոնվենցիան։ Այս առիթով դժգոհությունների ալիք բարձրացավ նաև ստորագրահավաք կազմակերպեցին, ընդդեմ մեկ այլ` Ստամբուլյան կոնվենցիայի, որն ընդունվել ու կիրառվում է շատ երկրներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստաթղթերն ու դրանց շուրջ աղմուկը։
Առաջին կոնվենցիայի մասին ոչինչ չեմ լսել, իսկ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված պատմություններից քաջատեղյակ եմ։ Այն ընդունվել է Սերժ Սարգսյանի կառավարության օրոք, իսկ Փաշինյանի կառավարությունը պարտավոր է այն վավերացնել։ Այն մեծ պրոցես է, որի համար Սերժ Սարգսյանի կառավարությունը մեծ գումարներ է ստացել։ Փաստաթուղթն ընդունում ու վավերացնում են շատ երկրներում, քանի որ այն կանանց ու երեխաներին պաշտպանելու մասին է, բայց միևնույն ժամանակ շատ աղքատ երկրներ չգիտեն, ինչպե՞ս իրականացնել թղթին գրվածը, քանի որ ռեսուրսներ են անհրաժեշտ։ Եվ Եվրոպական համայնքը հենց այդ երկներին օգնում է ֆինանսապես։ Մեզ մոտ շատ ծիծաղելի է, նախորդ կառավարությունը ստացել է այդ ողջ գումարը, որի դիմաց պետք է իրականացներ Ստամբուլյան կոնվենցիայով ամրագրված գործառույթները։ Հասկանալի է, թե ինչու աղմուկը բարձրացավ հենց այսօրվա իշխանությունների կողմից վավերացվելուց հետո։ Այն շատ զգայուն թեմա է, նույնիսկ նյարդայնացնող և միակ հարցն է, որ միշտ առաջ է քաշվել, նույնիսկ մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը։ Նույնիսկ, երբ Նիկոլը քայլում էր և նրա կողքին ակտիվ քայլում էին նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, նրանք նրբանկատորեն ոչ մի անգամ չբարձրացրին ծիածանի դրոշը, քանի որ հայ հասարակությունը հոմոֆոբ է։ Նրանք համախմբվել էին Սերժի դեմ, որովհետև բոլորն էին զզվում նրանից, բայց միևնույն ժամանակ բոլորը ատում էին նաև գեյերին։ Ըստ էության սա այն թեման է, որը միշտ կարող են շահարկել։ Անխտիր բոլոր երկրների պահպանողականների խելքը գնում է ասելու, որ Ստամբուլյան կոնվենցիան սեռական փոքրամասնությունների համար է, որովհետև այնտեղ օգտագործվում է «գենդեր» բառը, ինչից բոլոր աջականները ցնցումներ են ունենում։
Սա հստակ աշխատող սխեմա է, որով փորձում են խորտակել նոր կառավարությանը։ Երբ հարցնում եմ, ի՞նչ եք ուզում այս իշխանություններից, ովքեր ընդամենը վավերացրել են «ադեկվատների» իշխանության կողմից արդեն իսկ ընդունվածը, «ադեկվատների» մոտ ամնեզիա է առաջանում ու նրանք միանգամից սկսում են գոռալ, որ Նիկոլը գեյերի կողմից է։ Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ-ի մասին չէ, այնտեղ պարզապես կա «գենդեր» բառը և այն ամբողջությամբ խոցելիների ու թույլերի պաշտպանության մասին է։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը շատ վարպետորեն է շրջանցում այդ զգայուն թեման, որովհետև հոմոֆոբ հասարակության առջև կանգնել ու ասել, որ ես կողմ եմ միասեռականների ամուսնությանը, ինքնասպանության է նման։ Բայց ես շատ լավ հիշում եմ նրա ազդեցիկ ելույթը մարզիկ Մելի մասին, երբ վարչապետը հայտարարեց, որ նա իր անձնական պաշտպանության տակ է։ Դա շատ համարձակ ելույթ էր և կարծում եմ, որ Փաշինյանի ամենահզոր քայլերից էր։ Հիշում եմ նրա ելույթը, որտեղ պատմում էր Փարիզում իրեն սուրճ բերող դժբախտ գեյի մասին, ով արտագաղթել էր Հայաստանից։ Ես նույնպես նրանց բոլորին ասում եմ գնացեք Հայաստանից, քանի դեռ ձեր նկատմամբ նման վերաբերմունք կա։ Այս ամենը միևնույն հատկանիշների մասին է խոսում՝ բռնություն կանանց նկատմամբ, բռնություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Բայց ի տարբերություն հարևան Իրանի, մեզ մոտ այդ ամենը համեմված է կեղծ քրիստոնեությամբ ու երեսպաշտությամբ։ Կլոր սեղանի քննարկումներից մեկի ժամանակ ես մոտեցա ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին ու հարցրի, ինչու՞ դուք չեք զբաղվում մարդու իրավունքներով։ Ասացի, որ ամիսներ շարունակ ԱԺ շենքի դիմաց սեղան է դրված, որտեղ մարդիկ խտրականություն են քարոզում։ Նրանք չունեն ոչ մի փաստարկ, այն ամենը ինչ խոսում են պարզապես անմտություն է և նրանք սահմանադրություն են խախտում։ Նրանք հրապարակայնորեն քարոզում են մարդասպանություն, ասում են, որ մարդկանց պետք է վառել։ Նազարյանն ինձ պատասխանեց, որ չունեն համապատասխան հոդված։ Ինչպե՞ս թե չունեն, հոդված կա, չէ՞, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ իրար հավասար են։ Իշխանությանն էլ եմ հասկանում, նրանք էլ շատ զգույշ են նման հարցերում, բայց խոսքի ազատության ու ատելության խոսքի հստակ տարանջատում պետք է լինի։ Հասկանում եմ, որ բարդ է, շատ ավելի կարևոր խնդիրներ կան իշխանության համար, բայց սա ևս կարևոր է։ Եթե մեր հասարակությունը դառնա ավելի բարի, ավելի մարդկային, ամեն ինչ կփոխվի։ Բարի մարդը չի կարող լինել հոմոֆոբ, բարի մարդը չի կարող ծեծել կնոջը: Պարզապես մեր օրակարգում չկա «բարի մարդ» հասկացությունը, կա «ճիշտ մարդ», կամ ավելի կոնկրետ՝ «իսկական հայ»։ Երբեմն լսելով, թե ինչ պիտի անի իսկական հայը, հասկանում եմ, որ պետք է սպանել բոլոր «իսկական հայերին», որովհետև փոքրուց բարբարոս ու վայրենի են մեծանում։ Երբ լսում եմ այդ կերպարի մասին, փշաքաղվում եմ, ինչքան կարելի է Նժդեհից ինչ-որ բաներ պատմել, 21-րդ դարն է, մարդ եղեք մի քիչ։
– Դուք որպես հոգեբան աշխատում եք ընտանեկան և սեռական բռնության զոհերի հետ։ Ձեր կարծիքով դպրոցներում պե՞տք է դասավանդվի “Սեռական դաստիարակություն” առարկան։
Այո, միանշանակ։ Ես կոսմոպոլիտ եմ և տարանջատումներ չեմ սիրում։ Հայ հասարակությունը պոզով ու պոչո՞վ է։ Բերեմ ԱՄՆ-ի օրինակով։ Այնտեղ յուրաքանչյուր նահագն ինքնուրույն է որոշումներ կայացնելու առումով։ Երբ նայում ենք հարավային հատվածին, որտեղ գերակշռում են պահպանողականները, ասես «իսկական հայեր» են ու կտրականապես դեմ են այդ առարկան դպրոցներ ներմուծելուն։ Ի՞նչ պատկեր է այնտեղ։ Նրանք թքած ունեն, որ 13 տարեկաների մոտ տարածված է հղիության արհեստական ընդհատումը, թքած ունեն, որ 15 տարեկանում երեխան ծննդաբերում է և թքած ունեն, որ մեծ է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տոկոսը։ Ափամերձ, ավելի ցիվիլ նահանգներում, որտեղ վաղուց արդեն դասավանդվում է «Սեռական դաստիարակություն» առարկան, պատկերը ճիշտ հակառակն է։ Երեխաները պետք է իմանան պահպանակների մասին, նրանք պետք է իմանան, թե ինչ է նշանում սեքս համաձայնությունը։ Հեռավոր անցյալում, երբ փոքր էի ու Երևանում 7 համարի տրոլեյբուսով գնում էի Ձերժինսկու դպրոց, տրոլեյբուսի մեջ հաճախ մի էքսգիբիցիոնիստ իր սեռական օրգանն էր ցուցադրում։ Հիշում եմ, որ շատ էի վախենում, բայց չգիտեի ինչ անել։ Եթե այն ժամանակ ես դպրոցում անցնեի «սեռական դաստիարակություն» առարկան, ապա կիմանայի,որ հաջորդ անգամ, երբ հանդիպեր ինձ, կբղավեի և ոստիկան կկանչեի։ Նրանք իմ նկարագրածի հիման վրա կկազմեին ֆոտոռոբոտ և կհայտնաբերեին նրան։ Արդյունքում նա կհայտնվեր բանտում և շատ դպրոցահասակներ այլևս չէին առնչվի նման երևույթի։ Ամբողջ աշխարհում այդ առարկայի կրթական ծրագիրը մշակվում է հաշվի առնելով ազգային-մշակութային առանձնահատկությունները, և ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Սեռական դաստիարակությունը պետք է սկսվի տարրական դասարաններից, բայց պետք է տարբեր բաների մասին խոսել։ Պետք չէ խոսել պահպանակների մասին, քանի որ այդ տարիքում նրանց այդ ինֆորմացիան պետք չէ, բայց կարելի է բացատրել ինչ բան է էքսգիբիցիոնիզմը, ասել որ անթույլատրելի է հորեղբոր, քեռու կամ զարմիկի կողմից անձնական սեռական տարածք մուտք գործելը։ Սեռական ճիշտ դաստիարակությունը ազգի վաղվա առողջության գրավականն է։

Զրուցեց՝ Կարեն Կոլոսովը

















