ՆԱԽԱԳԻԾ. Դպրոցներին դասագրքերով ապահովելու գործընթացը՝ էլեկտրոնային
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես դպրոցները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ օտար լեզվով խորացված ուսուցմամբ, ազգային փոքրամասնությունների և ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասագրքերի տրամադրման մեկ միասնական կարգ սահմանելու պահանջով։ Նախատեսվում է կանոնակագրել հետևյալ ուսումնական նյութերի և ձեռնարկների շրջանառությունը. հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքեր, օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր, ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի, մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր, բրալյան դասագրքերի և տետրեր։ Նախատեսվում է թվայնացնել ինչպես վերոնշյալ, այնպես էլ տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։ ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը կիրականացվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Մասնավորապես, վերոնշյալ հարթակում կիրականացվեն տարրական դասարանների և թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձևավորման և հաշվառման գործընթացները: Նախագծով սահմանվում է նաև մշտադիտարկում իրականացնել դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ: Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատում է տնօրենը։ Հավելենք, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձևավորման նոր կարգի նախագիծը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: