ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, և որ իրենք Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ են առաջարկել, բայց դրանք դեռևս նախկին իշխանությունների օրոք ոչ ընդունելի են եղել։
Թիվ 1-ը թեմայի վերաբերյալ զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյան հետ։
-Պարոն Սարգսյան, բաց տեքստով Լավրովի այս հայտարարությունն ի՞նչ է իրենից ենթադրում և առհասարակ ինչու՞ հենց այս պահին նման հայատարություն հնչեց։
-Խնդիրը այն է, որ Լավրովը նոր է վերադարձել Աֆրիկայից, և երկու կոմպոնենտ կա, մեկը՝ անձնական՝ մեծ հաշվով ներքին ոգևորություն՝ Ռուսաստանի հետ կապված, որովհետև իրենք համարում են, որ ամեն ինչ նորմալ է: Մոտավորապես կես միլիոն մարդ են զորակոչել, իրենց թվում է՝ իրենք շուռ են տալու ճակատն Ուկրաինայում, այսինքն հաղթանակն իրենցն է․ դա իրենց ներքին էլիտայի ընկալումներն են։ Բացի դրանից՝ Լավրովն Աֆրիկայում երևի թե հետաքրքիր պայմանագիր է կնքել: Միևնույն ժամանակ Լուկաշենկոն գնացել էր Մոզամբիկ, այսինքն՝ Կոնգոյից ներքև Աֆրիկայում իրենք ակտիվանում են: Սա նշանակում է, որ իրենք էնտեղից ունենալու են եկամուտ և հույս ունեն, որ ամեն ինչ լավ է լինելու, իր այդպես խոսելու պատճառն այն է, որ նա համարում է՝ Ռուսաստանը ճգնաժամը հաղթահարել է։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, մի քանի անգամ եղել է, ինչպես իրենք են սիրում ասել՝ կարմիր գիծ գծել, իրենք ասել են, որ ԵՄ-ի ներգրավվածությունը, այս թե այն կերպ բացասական ազդեցություն կունենա հայերի և ադրբեջանցիների վրա, խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել՝ իրենք չեն ասում Հայաստանի և Ադրբեջանի, այլ հայերի և ադրբեջանցիների դրանով իսկ զրկելով, թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին սուբեկտայնությունից, իրենք չեն համարում Հայաստանը կամ Ադրբեջանը անկախ պետություններ, սա երկրորդ մեսիջն է։
Լավրովն ասում է, որ մենք՝ ՀԱՊԿ-ով պատրաստ էինք գալ, դուք չուզեցիք՝ ԵՄ ուզեցիք: Եվ քանի որ հիմա ՄԱԿ-ի գլխավոր դատարանը քննում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, և հակառակը՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցը՝ «Հայաստանը 7 շրջանի օկուպանտ է արտահայտությունը» այդ որոշման վրա ազդեցություն ունենալու համար է ասվում։
Այսինքն` միջնորդ երկիրը՝ Մինսկի խմբի համանախագահողներից մեկը հայտարարում է, որ եղել է օկուպացիա, սրանով իսկ Ադրբեջանին տալիս է խաղաթուղթ, որ Ադրբեջանը դատարանում ասի՝ «տեսեք սա օկուպացիա է, ու սա ես չեմ ասում, այլ միջնորդ երկիրը». բայց սա անհույս է, որովհետև այդ նույն միջնորդը՝ Ռուսաստանը, այդ նույն դատարանով (Հաագա-ի տրիբունալ է ստեղծվելու) անցնելու է որպես ռազմական հանցագործության կազմակերպիչ, էթնիկ զտումներ իրականացնող և անձամբ Լավրովն էլ՝ անցնելու է այդ գործով։
Ռուսաստանը միշտ Ադրբեջանի հետ նույն դաշտում է խաղում․ ՌԴ-ն հայատարարություն է անում, Ադրբեջանը՝ օգտագործում, բայց այս մեխանիզմները չեն աշխատելու, որովհետև կա արդեն միջազգային կոնսենսուս, որ Լաչինի միջանցքի փակ լինելու կազմակերպիչն Ադրբեջանն է, և դատարանների մասով Ադրբեջանի վրա է սանկցիա կիառվելու, բայց պատասխանատուն Ռուսաստանն է, այսինքն՝ սա այն դեպքն է, որ մենք գիտենք, և՛ մեղավորին, և՛ պատասխանատուին։
․․․«Ռուսաստանն առաջարկում էր Ղարաբաղյան հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չէր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևիցե տարածքային հավակնություն չի ունեցել»․ Լավրով
-Նախ ի՞նչ ասել է տարածքային հավակնություն չի ունեցել, և երկրորդ՝ արդյո՞ք հիմա պետք է խոսեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այսինքն իրենք ի՞նչ լուծման տարբերակներ են առաջարկել, որ ՀՀ ղեկավարներին դուր չի եկել։
-Խոսքը գնում է Քարվաճառ, Քաշաթաղ, Բերձորի ենթաշրջան և Որոտան գետի երկայնքով մինչև Արաքս տարածքների մասին, ու ամենայն հավանականությամբ մենք որևիցե կերպ այդ շրջանները չէինք տալու, առնվազն Սերժ Սարգսյանի ժամանակ այդ երեք շրջանների վերաբերյալ քննարկում չի եղել։ Քննարկում է եղել՝ Ֆիզուլի, Վարանդա, Ջրական, և երևի թե Ակնայի շրջանի վերաբերյալ: Քարվաճառը ադրբեջանցիք չեն էլ վերցրել, իրենք հույս էլ չունեին, որ կարող են գրավել, դա Ռուսաստանի պահանջն է եղել, նույնիսկ նոյեմբերի 9-ի պայմանագրով: Մենք Քարվաճառ, Կովսականը կարող էինք անվերջ պահել, որովհետև լեռներում ԱԹՍ-ները ակտիվ չեն աշխատում։
Անդրադառնալով բուն հարցին, արդյո՞ք պիտի խոսեն, թե՞ ոչ՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի է, որ ընդհանրապես չխոսի կամ խոսելուց էլ միայն դատարանում, իսկ Սերժ Սարգսյանը, կարող է խոսել, որովհետև իր ժամանակ շատ բաներ քննարկվել են և շատ բաների ինքը համաձայն չի եղել։ Այս հարցում Սերժ Սարգսյանի օրոք բանակցությունները եղել են ավելի հետաքրքիր, և չենք մոռանում, որ Սերժ Սարգսյանը ահագին բան Հայաստանի համար արել է, այսինքն, այն ինչ հիմա մենք ունենք՝ ԵՄ համագործակցություն, հիմքը դրա դրվել է Սերժ Սարգսյանի օրոք: Մենք բանակցություններ ենք վարել, գործընթացների մեջ ենք եղել, դրա համար մենք ավելի ընդունելի ենք ԵՄ-ի համար, քան Ադրբեջանը։ Եթե ամփոփենք՝ ցանկալի է, որ Սերժ Սարգսյանը՝ խոսի, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ դատեն, որովհետև, եթե 1998-ին նա Արցախը չհաներ բանակցությունների սեղանից մի գուցե ամեն բան էս կերպ չլիներ։
Մերի Մանուկյան

















