Փետրվարի 18-ին Մյունխենի համաժողովի շրջանակում կայացավ Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկումը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: Ընդհանուր առմամբ, քննարկումը կարելի է պատմական որակել․ հետխորհրդային շրջանում բացառիկ դիպված է, երբ Հարավային Կովկասի երեք հարևան երկրների ղեկավարներ համատեղ քննարկում են անցկացնում միևնույն հարթակում։
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար մյուխենյան հանդիպումը կարող է երկխոսության, խաղաղ բանակցությունների, փոխադարձ վստահության նոր մշակույթ ու միջավայր ձևավորել, որի սաղմնային զարգացումներն իսկ զատորոշել են Երևանի կառուցողական ու լուրջ դերակատարումը՝ առաջին հերթին Փաշինյանի վստահ ու հասցեական ելույթի շնորհիվ։
Հանդիպման պատմական լինելու պնդման հետ Փաշինյանն, ի դեպ, համակարծիք էր, սակայն առավել խորքային մոտեցում ուներ․
«Գուցե սա պատմական հանդիպում է, բայց կարևոր է հասկանալ այն պատմության կոնտեքստը, որն այս պահին կերտվում է, որովհետև մենք կարող ենք տարբեր արդյունքներ կամ հետևանքներ ունենալ, և ես կարծում եմ, մենք պետք է հետապնդենք արդյունք։ Սա մեր մոտեցումն է»։
Հայաստանի ղեկավարի շեշտադրումները ուշագրավ էին ոչ միայն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության տեսակետից, այլև համաշխարհային գործընթացների ու դրանում Հարավային Կովկասի կարևոր դերի մատնանշման առումով։ Փաստորեն, Փաշինյանը ոչ միայն ճարտարագծեց մեր ռեգիոնի խաղաղ ու անվտանգ համակեցության հիմնարար քարտեզը, այլև հընթացս դիմակազերծեց Ալիևի հնչեցրած որոշ մեղադրանքները՝ մզկիթների ոչնչացման առասպելական թեզից մինչև այլ կեղծ պնդումները։
Նախ, անդրադառնալով քննարկման վարողի այն հարցին, թե ինչ հետևանքներ ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա, Հայաստանի ղեկավարը նշեց․
«Գլոբալ անկայունությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանային իրավիճակի վրա, որովհետև գիտեք, որ արդեն տևական ժամանակ է՝ ամբողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է Ուկրաինայի վրա, և դա մեր տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում։
Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության, որովհետև կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։ Ո՞րն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որովհետև հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը կբարելավեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով»։
Փաշինյանից հետաքրքրվեցին նաև Թուրքիայի երկրաշարժից հետո այդ երկրին Հայաստանի ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։ Ի պատասխան՝ վարչապետի արձագանքը համեստ էր, մարդկային ու ըստ էության․
«Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելու որոշման հիմքում մենք ունեինք միայն մարդասիրական շարժառիթներ, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ էին տառապում, բայց այս ընթացքում մենք թուրքական կառավարությունից բավականին դրական ռեակցիայի ականատես եղանք, և եթե այս քայլն ունենա նաև քաղաքական հետևանքներ, դա կլինի էլ ավելի լավ։
Բայց մեր սկզբնական շարժառիթը զուտ մարդասիրական էր, և ինչպես մենք հայտարարել էինք, պատրաստ ենք ցուցաբերել այնքան մարդասիրական օգնություն, որքան մեր հնարավորությունները ներում են, և մենք պատրաստ ենք դա անել»։
Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, վարչապետը հիշեցրերց, որ նախքան ավերիչը երկրաշարժը կողմերն արդեն հաստատել են քաղաքական երկխոսություն հատուկ ներկայացուցիչների միջոցով։
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և կարծում ենք, որ դիվանագիտական կապերի հաստատումը Թուրքիայի հետ և մեր սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, այլ նաև միջազգային իրավիճակի առումով»,-շեշտեց ՀՀ կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, բարձրաձայնեց Ադրբեջանի կողմից Լաչինի ապօրինի շրջափակման հարցը՝ նշելով Արցախում ստեղծված բովանդակ ճգնաժամի մասին․
«Արդեն 70 օր է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Դժբախտաբար, հիմա Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլելտրաէներգիայի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կասեցված է, գազի մատակարարումը նույնպես կասեցված է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում մենք ունենք շատ կոնկրետ կետեր Լաչինի միջանցքի հետ կապված, և համաձայն այդ հայտարարության, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել, բայց հիմա, դժբախտաբար, մենք ունենք բացարձակապես այլ իրավիճակ»,-նշեց Հայաստանի վարչապետը։
Նրա համոզմամբ, միջազգային ուշադրությունը պետք է սևեռված լինի այս իրավիճակի վրա, որովհետև մտավախություն կա, որ այս իրավիճակի շարունակականությունը կարող է պատճառել անդառնալի հումանիտար հետևանքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այդ համատեքստում, վարչապետը պատմեց դիմակավորված ադրբեջանցիների կողմից արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուս ներխուժելու և նրանց ահաբեկելու դաժան միջադեպի մասին, արձանագրելով, որ նման անթույլատրելի ու հակամարդկային միջոցներով ադրբեջանական կողմը խոչընդոտում է խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժը, արցախահայությանը զրկում կենսական պայմաններից ու կոպտորեն խախտում մարդկանց իրավունքները։
Արձագանքելով Ալիևի՝ ԼՂ հակամարտության ու եռակողմ հայտարարության մասով փաստերի խեղաթյուրման փորձերին, Փաշինյանն ընդգծեց հետևյալը․ «Եռակողմ հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Եվ մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր։ Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության»։
Ալիևի մեկ այլ պնդման մասին խոսելիս, Հայաստանի ղեկավարը պատմական փոքրիկ էքսկուրս կատարեց և դիվանագիտական ապտակ հասցրեց Բաքվի բռնապետին․
«Ալիևը նշեց քանդված մզկիթների մասին։ Կցանկանայի նշել, որ 2017թ.-ին Ադրբեջանում մի քանի մզկիթներ քանդվել են նոր ճանապարհներ կառուցելու համար։ Իմիջիայլոց, Խորհրդային տարիներին Ադրբեջանում 1560 մզկիթներ են քանդվել, և դա սովորական բան էր Խորհրդային Միության համար։ Հայաստանում նույնպես քանդվել են եկեղեցիներ և մզկիթներ։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն Խորհրդային տարիների պարտքը։ Դա շատ վտանգավոր խոսույթ է, որովհետև ես մտավախություն ունեմ, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամբողջ իրավիճակին փորձում է հաղորդել կրոնական կոնտեքստ։ Դա շատ վտանգավոր է։ Չկա որևէ կրոնական կոնտեքստ այս հակամարտությունում։ Եվ իմիջիայլոց, մեր երկրում մենք ունենք մահմեդական փոքրամասնություն, և ունենք գործող մզկիթ, սա է իրականությունը»։
Փաշինյանը մտահոգիչ ու վտանգավոր համարեց Բաքվի խոսույթն ու հռետորաբանությունը։ Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է վրեժխնդրության քաղաքականություն, հնարավոր է` դա է Ադրբեջանի քաղաքականությունը, նկատեց վարչապետը։
Հավարտ զրույցի, Նիկոլ Փաշինյանը, կարևորելով հանդիպումն ու չբացառելով դրա պատմական բնույթը, վերստին շեշտեց․
«Այո՛, գուցե սա պատմական հանդիպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք ցանկանում դա օգտագործել․ անհանդուրժողականություն, ատելություն բորբոքելո՞ւ, ագրեսիվ հռետորաբանություն մեր տարածաշրջանու՞մ, թե հակառակը՝ օգտագործել այս հարթակը` իրավիճակը բարելավելու համար։
Մենք կարծում ենք, որ այս հարթակը պետք է օգտագործել կառուցողական մտադրություններով։ Իհարկե, մենք հիմա կարող ենք թշնամության մասին շատ պատմություններ պատմել, բայց ո՞րն է ղեկավարների դերը՝ խորացնե՞լ այդ թշնամանքը, թե՞ օգտագործել մեր հնարավորությունները, մեր մանդատները»։
Հայաստանի առաջնորդի բանաձևը հստակ էր ու հասցեական՝ լուծումը ժողովրդավարությունն է, լուծումը թափանցիկությունն է, լուծումը երկխոսությունն է, լուծումը հարգանքն է բոլոր երկրների հանդեպ։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ։
Դավիթ Հակոբյան

















